Մարտի 5-ին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները որոշում կայացրեցին վերականգնել անցյալ տարվա օգոստոսին ռուս-վրացական հակամարտությունից հետո Ռուսաստանի հետ խզված հարաբերությունները:
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ռագոզինը ողջունեց այդ որոշումը: "Մենք կարծում ենք, որ սա դրական որոշում է: Մենք նաև հաշվի ենք առնում այն բարդույթներն ու դժվարությունները, որոնք ՆԱՏՕ-ն հաղթահարել է օգոստոսին կայացրած` Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունները խզելու որոշումը շտկելու համար”, նշել է նա:
Սակայն ՆԱՏՕ-ն շարունակում է մտահոգել Ռուսաստանին: Հատկապես մտահոգիչ է ՆԱՏՕ-ում Վրաստանի և Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը: Դեռևս նախագահի պաշտոնում վարչապետ Վլադիմիր Պուտինն սպառնացել էր, որ միջուկային հրթիռներ կտեղադրի Ուկրաինայում, եթե ՆԱՏՕ-ն որոշի հրթիռներ տեղադրել այնտեղ: Անցյալ տարվա հունիսին նա նաև սպառնացել է խզել կապերը Ուկրաինայի պաշտպանության տեխնիկայի արտադրողների հետ, որոնք մեծապես կախված են Ռուսաստանի հետ պայմանագրերից:
"Ինչ վերաբերում է զգայուն տեխնոլոգիաներին և հատկապես բարձր տեխնոլոգիաներով օգտագործվող հրթիռներին և ժամանակակից այլ մարտական սարքավորումներին, մենք նախքան Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելը կորոշենք ինչպիսի քայլեր ձեռնարկել` անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին կլինեն դրանցից բխող ֆինանսական կորուստները”, ասել է Վլադիմիր Պուտինը:
ՆԱՏՕ-ում Չեխիայի, Լեհաստանի և Հունգարիայի անդամակցության տասնամյակի առթիվ մարտի 12-ին Պրահայում ունեցած իր ելույթում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը նշել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը Եվրոպայի` որպես առանց բաժանարար գծերի և ժողովրդավարական անվտանգության տարածք, կոնսոլիդացման ռազմավարության մաս է կազմում:
"Միևնույն ժամանակ պարզ է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններն այնքանով կարևոր են, որ չպետք է վտանգվեն ընդլայնման շուրջ տարաձայնությունների կամ հրթիռային պաշտպանության խնդրի կամ Կոսովոյի պատճառով”, ասել է նա:
Սակայն նշված խնդիրները կարևոր են Ռուսաստանի համար: Անկախ ռազմական հարցերով վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերի կարծիքով` Ռուսաստանը ավտորիտար պետություն է, որը փորձում է որոշակի առավելության հասնել` ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելով: Աֆղանստանում իրականացվող գործողությունների համար անհրաժեշտ առարկաների մատակարման համար խոչընդոտներ ստեղծելը ճնշում գործադրելու եզրերից մեկն է:
"Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից է Աֆղանստանում հաջողության հասնելը, սակայն շատ առումներով Ռուսաստանը կարող է վերահսկել ԱՖղանստանում ԱՄՆ-ի գործողությունները: Այդպիսով մեզ թվում է, որ կարող ենք ամերիկացիներին ստիպել մեծ զիջումների գնալ”, նշել է Պավել Ֆելգենհաուերը:
Նման ճնշման օրինակներից է վերջերս Ռուսաստանի կողմից Ղրղզստանին տրամադրված երկու միլիարդ դոլարին համարժեք աջակցության փաթեթը: Շատերի կարծիքով` այդ օգնության շրջանակներում է Ղրղզստանի կառավարությունը որոշել փակել այդ երկրում ԱՄՆ-ի օդային բազան:
Պաշտոնական Մոսկվան նաև մեծ քարոզչություն է վարում Կենտրոնական Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման դեմ` չնայած այն նախագահ Բուշի և նախագահ Օբամայի հավաստիացումներին առ այն, որ համակարգն ուղղված է լինելու Իրանի, այլ ոչ` Ռուսաստանի դեմ: Նախագահ Օբաման հստակեցրել է, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ` սակայն զիջումների չգնալով ՆԱՏՕ-ի անդամակցության ընդլայնման հարցում:
"Ես նշել եմ, որ պետք է վերալիցքավորենք մեր հարաբերությունները: Ռուսաստանը պետք է հասկանա մեր անխաթար պարտավորությունները Լեհաստանի կամ Չեխիայի պես պետությունների անկախության և անվտանգության երաշխավորման հարցում: Մյուս կողմից մենք նաև ունենք ընդհանուր խնդիրներ, որոնց պետք է միասին լուծումներ գտնենք”, ասել է նախագահ Օբաման:
ԱՄՆ-ից, Ռուսաստանից և ՆԱՏՕ-ից ավագ պաշտոնյաներ բազմիցս նշել են տվել, որ բոլոր կողմերը կարող են համագործակցել ընդհանուր մտահոգության խնդիրների, այդ թվում` միջուկային զենքերի տարածման, միջազգային ահաբեկչության, չարտոնագրված ապրանքների տարածման և թրաֆիկինգի դեմ պայքարի շուրջ: