Իրանը կբողոքի ՄԱԿ-ին

Իրանը կբողոքի ՄԱԿ-ին

<!-- IMAGE -->

Թեհրանը հայտնել է, որ պատրաստվում է բողոք ներկայացնել ՄԱԿ-ին` ընդդեմ Իրանի նկատմամբ միջուկային "հարձակում իրականացնելու" ԱՄՆ-ի սպառնալիքի:

Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Թեհրանի բողոքն արձագանք է միջուկային նոր ռազմավարության շուրջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանը: Նախագահ Օբաման կոչ է արել միջուկային զենք չկիրառել այն երկրների նկատմամբ, որոնք չունեն միջուկային զենք, բացառությամբ` Իրանի և Հյուսիսային Կորեայի:

Վաշինգտոնն այդ երկու երկերներին մեղադրում է միջուկային զենք մշակելու փորձերի մեջ, որով և վերջիններս խախտում են միջուկային զենքի չտարածման համաշխարհային չափանիշները: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում:

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին մեղադրել է նախագահ Օբամային, որ վերջինս "անուղղակիորեն" սպառնացել է Իրանին միջուկային հարձակմամբ, սպառնալիք, որը հոգևոր առաջնորդն անվանել է "ամոթալի": Ռազմական պաշտոնյաների հետ հեռուստատեսությամբ հեռարձակված հանդիպման ժամանակ Խամենեին ասել է, որ "շատ տարօրինակ" է համարում, որ 21-րդ դարում որևէ երկրի առաջնորդ կարող է սպառնալ միջուկային հարձակմամբ:

Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հորդորել է կառավարությանը Օբամայի հայտարարության դեմ բողոք ներկայացնել ՄԱԿ-ին: Այդ առաջարկին աջակցել են խորհրդարանի 290-անդամներից 225-ը:

Ուրբաթ օրն Իրանը հայտարարել էր, որ արագացնելու է միջուկային ծրագիրը` մշակելով ուրանի հարստացման համար ավելի արագ գործող ցենտրիֆուգեր: Հարստացված ուրանը կարելի է օգտագործել էլեկտրականություն ստանալու կամ միջուկային զենք արտադրելու համար:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Իրանի ծրագրերը վկայում են այն մասին, որ Թեհրանի "մտադրություններն ազնիվ չեն": Հայտարարությունում նշվում է, որ խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի համար անհրաժեշտ չեն ավելի արագ գործող ցենտրֆուգեր: