<!-- IMAGE -->
Շուրջ վաթսուն տարի առաջ դեկտեմբեր ամսին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի խոսքերով, Համընդհանուր հռչակագիրը “քաղաքական և էթնիկ տարբերություններ ու պետական սահմաններ չի ճանաչում, այն վերաբերում է ողջ մարդկությանը` իր բազմազանությամբ: Այն համահունչ է յուրաքանչյուր անձի սրտից բխող ազատության ցանկությանը”:
Ինչպես նշել է Կոնդոլիզա Ռայսը, վերջին վաթսուն տարիների ընթացքում զգալի ձեռքբերումներ են արձանագրվել Հռչակագրում տեղ գտած իրավունքների, այդ թվում`մտքի, խղճի և կրոնի, կարծիքի և արտահայտվելու ու խաղաղ հավաքների ազատությունների առնչությամբ: “Այդուամենայնիվ,” ասել է նա, “մեզ սթափեցնում է այն փաստը, որ հարյուր միլիոնավոր մարդանց իրավունքները չեն պաշտպանվում իրենց պետությունների կողմից”:
Այդպիսի պետություններից է Իրանը, որը Համընդհանուր հռչակագիրը վավերացրել է 1948թ.: Վերջերս, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը զեկույց է հրապարակել, որտեղ խիստ քննադատության է ենթարկել Իրանի կառավարությանը մարդու իրավունքների բազմապիսի ոտնահարումների կապակցությամբ, այդ թվում` կանանց իրավունքների խաղաղ պաշտպանների, լրագրողների, աշխատավորական կազմակերպությունների ղեկավարների և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հանդեպ:
Իրանի իրավապաշտպան խմբերը կոչ են արել Միավորված ազգերի կազմակերպությանը պատվիրակություն ուղարկել Իրան`գնահատելու մարդու իրավունքների վշտալի իրավիճակը երկրում:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն նույնպես Իրանում մարդու իրավունքների ոտնահարումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևը կոչ է անում Իրանին վերջ դնել կանանց և կրոնական փոքրամասնությունների հանդեպ խտրականությանը, պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքները և հրաժարվել իրավապաշտպանների հանդեպ ոտնձգությունների պրակտիկայից:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ը միանում է միջազգային հանրությանը` կոչ անելով Իրանին կատարել իր միջազգային պարտավորությունները և հարգել իր ժողովրդի մարդու իրավունքները: