Ուշադրության կոչ Կոնգոյի կանանց խնդիրներին

Մարտի ութին Վաշինգտոնում Հիշատակի կամրջի վրա տասնութ երկրներից կանայք և տղամարդիկ կանանց միջազգային օրը նշեցին պատերազմի արդյունքում քայքայված երկրներում խաղաղության և կանանց դերի բարձրացմանն ուղղված կոչերով:

Նրանք իրազեկում էին Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում կանանց նկատմամբ տեղի ունեցող բռնաբարության և այլ բռնությունների մասին:

Ըստ մարդու իրավունքների պաշտպանների` Կոնգոյում առկա հումքի նկատմամբ միջազգային պահանջարկի պատճառով է, որ վայրագություններն այստեղ հաճախ անտեսվում են

"Կոնգոյում բռնաբարությունն օգտագործվում է որպես զենք և պատերազմի ռազմավարություն, որի օգնությամբ զինված խմբերը վերահսկում են երկրի բնական պաշարները: Հակամարտության հիմք հանդիսացող այդ պաշարները հետագայում դառնում են մեր բջջային հեռախոսը, համակարգիչը",-ասում է "Բավական է" մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի ակտիվիստ Քենդիս Կնեժեվիչը:

ՄԱԿ-ի գնահատմամբ` անցյալ տարի Կոնգոյում բռնաբարվել է ավելի քան ութ հազար կին: Ըստ ՄԱԿ-ի` վայրագությունները կատարվում են ապստամբ խմբերի կողմից, իսկ հումքի և զենքի ապօրինի տեղափոխման համար նրանց աջակցում է միջազգային հսկայական ցանց:

Բելգիայից մարդու իրավունքների ակտիվիստ Բեատրիս Լեոնարդի կարծիքով`

"Կոնգոյի կանանց խնդրում մեղավոր է նաև կառավարությունն իր անգործությամբ: Այն պետք է պաշտպանի բնակչությանը: Կառավարությունում խնդիրներ կան, իսկ դրա կազմում շահագործման մեջ ներգրավված անձինք: Ամեն ինչի հիմքը փողն է":

Կոնգոյում մարդու իրավունքների փաստաբան Սիլվիա Մաունգա Մբանգան ևս մեղադրում է կառավարությանը:

"Մեզ մոտ բացակայում է ճիշտ կառավարումը: Չունենք մասնագիտացված բանակ, որը կպաշտպանի քաղաքացիներին: Մեր երկրին ժողովրդավարություն է անհրաժեշտ, որտեղ մարդիկ կկարողանան արտահայտվել",-համոզված է նա:

Վաշինգտոնում ցույցն ավարտեց Կոնգոյի բնակիչների խնդրանքը մոռացության չտալու ամերիկացիներին ուղղված կոչով: