Վրաստանն առանցքային դեր կարող է ունենալ Կովկասյան տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման համար

Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները դեռևս լարված են հատկապես Աբխազիայի ու Հարավային Օսիայի, ինչպես նաև Վրաստանի` ՆԱՏՕ-ի հնարավոր անդամակցության շուրջ: Միևնույն ժամանակ, Վրաստանը կարևոր դեր է խաղում Արևմուտքի համար:

Շուրջ չորս տարի առաջ “Վարդագույն հեղափոխությունից” հետո Միխայիլ Սաակաշվլիլիի նախագահ ընտրվելուց մինչև այսօր պաշտոնական Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները լարված են մնում: Այս տարվա հունվար ամսին վերընտրվելով` Միխայիլ Սաակաշվիլին հանձն է առել շարունակել իր նախաձեռնած քաղաքականությունը:

Վերլուծաբաններն ասում են, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածությունը կարելի է վերագրել Միխայիլ Սաահակաշվիլիի արևմտամետ քաղաքականությանը, այդ թվում` Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու նպատակը: Վերջերս Վրաստան մեկնած ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը վերահաստատել էր, որ Վաշինգտոնը աջակցում է Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցության հայտը:

Ռուսաստանը խստորեն ընդդիմանում է Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցելու ցանկությանը: Փրինսթոնի համալսարանից Ջեյսոն Լյալն ասում է, որ Ռուսաստանը նման մոտեցումը նախագահ Դմիտրի Մեդվեդևի արտաքին քաղաքականության մաս է կազմում: “Եթե Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը դիտարկենք Ռուսաստանի տեսանկյունից, պետք է հաշվի առնել որ Վրաստանը ընդհանուր սահման ունի Չեչնիայի հետ: Իսկ Չեչնիան, կարելի է ասել, որ ամենազգայուն խնդիրներից է Ռուսաստանի համար: Անդդամակցության արդյունքում ՆԱՏՕ-ի անդամ պետություն կհայտնվի Ռուստանի սահմանին` հյուսիսային Կովկասում: Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը ցանկանում է առավել խիստ միջազգային քաղաքականություն իրականացնել, որի նպատակն է նաև Ռուսաստանի վարկանիշի բարելավումը: ՆԱՏՕ-ի` Ռուսաստանի պետական շահերին այդպես մոտ գտնվելը կարող է մեծ հարված հասցնել վարչակարգի հեղինակությանը:”

Վրաստանի և Ռուսաստանի միջև լարվածության մեկ այլ աղբյուր է Վրաստանի տարածքում գտնվող և Ռուսաստանի հետ սահման ունեցող Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ տարածքների խնդիրը: Այդ տարածքները Վրաստանից իրենց անկախությունը հռչակել են դեռևս 1990թթ.: Նախագահ Սաակաշվիլին հանձն է առել վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Սակայն վերլուծաբաններն ասում են, որ չնչին առաջընթաց է արձանագրվել այդ ուղղությամբ` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը ամրապնդել է տնտեսական և քաղաքական կապերը այդ տարածքների հետ:

Փորձագետներն ասում են, որ Արևմուտքը մեծ հետաքրքրությամբ և մտահոգությամբ է հետևում Վրաստանի զարգացումները: Ստոկհոլմի Անվտանգության և զարգացման քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչ Սվանտե Քորնելն ասում է, որ “Չորս տարի առաջ տեղի ունեցած Վարդագույն հեղափոխությունից Վրաստանը հիրավի միակ պետությունն է նախկին Խորհրդային Միությունում, բացառությամբ Մերձբալթյան հանրապետությունների, որը հիմնովին փոփոխվել է, որտեղ բարեփոխվել է, և ստեղծվել է ժողովրդավարական կառավարումով գործող անկախ պետություն: Այնուամենայնիվ, դեռևս Վրաստանը երկար ճանապարհ պետք է անցնի ժողովրդավարական սկզբունքները լիովին ամրապնդելու համար: Այն մեծ առաջընթաց է արձանագրել և որպես օրինակ և խորհրդանիշ կարող է ծառայել հակակոռուպցիոն և ժողովրդավարության ամրապնդման առումով, ինչը դուր չի գալիս Ռուսաստանին: Սակայն, Վրաստանի ձախողումը Արևմուտքի համար մեծ հարված կլինի, որի արդյունքում կկորի այն հույսի, որ այդ տարածաշրջանում հնարավոր է ժողովրդավարություն հիմնել:”

Բազմաթիվ փորձագետներ ասում են, որ Արևմուտքի համար Վրաստանը մեկ այլ հետաքրքրություն էլ է ներկայացնում: Չիկագոյի համալսարանից Ռոնալդ Սունին նշել է, որ “Վրաստանը շատ կարևոր միջանցք է Կասպից ծովի տարածաշրջանից Սև ծով և Թուրքիայի միջոցով Միջերկրական տարածաշրջան տեղափոխվող նավթի համար: Ինչը նշանակում է, որ այժմ արդեն այս խնիդրը տնտեսական առումով էլ է ակտուալ դարձել:”

Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ-ը զգալի օգնություն է տրամադրել Վրաստանին` աջակցելու քաղաքական և տնտեսական բարեփոխումները: Սվանտե Քորնելը նշել է, որ Վաշինգտոնը մեծ շահեր ունի Վրաստանում: “Ողջ տարածաշրջանում` Ուկրաինայից մինչև Կովկաս և Կենտրոնական Ասիա, ԱՄՆ-ը ահռելի ներդրումներ է արել Վրաստանում: Սակայն եթե Վրաստանը ձախողվի և ԱՄՆ-ը օգնության չհասնի, Կիևից մինչև Տաշկենտ կստեղծվի այնպիսի տպավորություն, որ ԱՄՆ-ը հուսալի գործընկեր չէ: Այդ առումով, նման զարգացումները բացասաբար կազդեն ԱՄՆ-ի շահերի վրա ողջ Եվրասիայի տարածաշրջանում:”

Քորնելի և այլ վերլուծաբանների կարծիքով, ԱՄՆ-ը և արևմտյան այլ պետություններ կարող են կարևոր դիվանագիտական դեր խաղալ Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածությունը նվազնելու ուղղությամբ, որպեսի այդ ոչ կայուն տարածաշրջանում իրավիճակը հսկողությունից դուրս չգա: