Շաբաթ օրը տեղի ունեցավ զարգացող և զարգացած պետությունների ղեկավարների արտահերթ գագաթաժողովը, որը նվիրված էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամին: Հնգժամյա հանդիպումն ավարտվեց մասնակիցների` շուկաները բաց պահելու և տնտեսության հետագա թուլացումը կանխելու նպատակով համագործակցելու վճռականությամբ:
Իր պաշտոնավարությունն ավարտող ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը գագաթաժողովը որպես հաջողություն է որակակել` նշելով, որ մասնակից ղեկավարները պարտավորվել են տնտեսական աճին նպաստող քաղաքականություն վարել: Մասնակիցները նաև համաձայնության են եկել գործողությունների ծրագրի շուրջ` երաշխավորելու ֆինանսական շուկաների գործունեության բարեփոխումը: Նաև համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ կարիքի մեջ գտնվող պետություններին արտակարգ իրավիճակներում փոխառություններ տրամադրող Արժույթի միջազգային հիմնադրամի քվեարկության կառուցվածքում զարգացող պեությունների ձայնը պետք է առավել ծանրակշիռ լինի, քան ներկայում է:
Նախագահ Բուշը ողջունել է այս գագաթաժողովի ձեռքբերումները, որն ըստ էության համաշխարհային արտադրանքի 75 տոկոսից ավելին արտադրող 20 պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն էր: Նա նշել է, որ պետությունները համաձայնել են, որ անհրաժեշտ է ֆինանսական շուկաներն առավել թափանցիկ դարձնել և բարձրացնել դրանց հաշվետվողականությունը: Նրա կարծիքով, թափանցիկությունը չափազանց կարևոր է, որպեսզի ներդրողներն ու վերահսկողները իրավիճակը ճիշտ տեղեկությունների հիման վրա գնահատեն:
20-ի խմբի ղեկավարների առաջին հանդիպմանը Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպական Միության պետությունների և Ճապոնիայի ղեկավարների հետ մեկտեղ ներկա էին Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Թուրքիայի, Հարավային Աֆրիկայի և Ինդոնեզիայի ղեկավարները: Նրանք համաձայնության եկան ևս մեկ հանդիպում ունենալ մինչև հաջորդ տարվա ապրիլի վերջը:
Գագաթաժողվի ինը էջանոց հռչակագրում ասվում է, որ ներկա ճգնաժամի պատճառներից է եղել նաև այն, որ ֆինանսական հաստատությունները չափազանց մեծ փոխառություններ են վերցրել և չափից մեծ ռիսկերի են դիմել: Նախագահ Բուշը համաձայնել է, որ բանկերի կարգավորման առավել լավ մեխանիզմ է անհրաժեշտ, որպեսզի շուկաները, ընկերությունները և ֆինանսական դաշտը ենթակա լինի համապատասխան կարգավորման և վերահսկման:
Մասնակիցները նաև համաձայնել են մինչև տարեվերջ նոր եռանդ հաղորդել առևտրի ազատականացմանն ուղղված Դոհայի բանակցային գործընթացին: Նրանք հանձն են առել որևէ քայլ չձեռնարկել առևտրի սահմանափակման ուղղությամբ:
Գագաթաժողովին մասնակցող ղեկավարներից շատերը հույս ունեին հանդիպել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային: Սակայն նա նախընտրել էր ներկա չգտնվել` պատճառաբանելով, որ իր ներկայությունը պատշաճ չէր լինի, քանի որ նա դեռևս չի սկսել իր պաշտոնավարումը: Այնուամենայնիվ հանդիպմանը ներկա են եղել նրա երկու ներկայցուցիչները, ովքեր առանձին հանդիպումներ են ունեցել ներկա ղեկավարների հետ: