Ամերիկայի արևմուտքի վերաբերյալ պատկերացումները գալիս են Հոլիվուդից` ձիավորներ, գլխազարդ հնդկացիներ, գնացք թալանող ավազակներ: Այս օրերին Վաշինգտոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի կողմից կազմակերպված ցուցահանդեսում այցելուները կարող են ծանոթանալ Արևմուտքի դեմքը կերտող իրական կերպարներին:
"Սահմանի դեմքերը" ցուցահանդեսի ղեկավար Ֆրենկ Գուդյերը ընտրել է կանանց և տղամարդկանց ավելի քան 100 դիմանկար :
Որոշ դեմքեր և անուններ ծանոթ են: Օրինակ` Նստած ցուլը` առաջնորդ, ում զինվորները սպանել են Ջորջ Արմսթրոնգ Գասթերին: Մյուսների մասին այսօր աղոտ են հիշում:
"Եթե վերանանք առասպելներից, կհասկանանք, որ Ամերիկայի արևմուտքը կերտել են տարբեր ծագումներով, տարբեր գործունեությամբ զբաղվող և տարբեր հավակնություններ ունեցող մարդիկ",- ասում է Ֆրենկ Գուդյերը:
Նրանցից մի քանիսի ազդեցությունը մեծ է: Օրինակ Ջոզեֆ Գլիդենի հնարած փշալարը, որով առանձնացվել է Արևմուտքի խոշորեղջերավորների ֆերմաները: Թեոդոր Ռուզվելտը, ով մինչև 1901թ. նախագահ դառնալը Հյուսիսային Դակոտայում ագարակապան էր:
Գուդյերը պատմում է, որ.
"Երբ Ռուզվելտը նախագահ դարձավ, Արևմուտքի նկատմամբ իր սերը արտահայտեց մի ամբողջական օրենսդրությամբ, որով առանձնացվում էին ազգային պարկերը, անտառները: Դրանով Արևմուտքում սկսվեցին քննարկումները բնության և բնական ռեսուրսների պահպանման շուրջ":
Այստեղ է նաև նկարիչ Չարլզ Ռասելը, լուսանկարիչ Էդվարդ Մայբրջը, և Ջոն Ուեսլի Փաուելը` առաջին սպիտակ մարդը, ով նավարկեց Կոլորադո գետի ամբողջ երկայնքով:
"Մայբրիջը բնապատկերների բացառիկ լուսանկարիչ էր: Արևելքում նրա լուսանկարները և պատկերները մեծ արձագանք ունեցան լուսանկարիչների կողմից, ովքեր չէին կարող պատկերացնել այդ բնապատկերներից մի քանիսի գեղեցկությունն ու շքեղությունը",- բացատրում է Գուդյերը:
"Իսկ Մարկ Տվեն գրական կեղծանվամբ հանդես եկող Սեմ Քլեմընսն առաջինն էր, որ Արևմուտքը ներկայացրեց ամերիկյան գրականության մեջ: 1860-ականներին Կալիֆորնիայում գրած նրա կարճ պատմությունները և "Կոփվածները" վեպը հանրությանը ծանոթացրեց Արևմուտքի վառ կերպարների և ողբերգական պատմությունների հետ",-շարունակում է Գուդյերը:
Արևմուտքի վառ կերպարներից են հանցագործներ Ջիզ Ջեյմսը և Վայրի խումբը, բանկ կողոպտող Բաթչ Քեսիդին և Սանդենս Քիդը:
Այստեղ են նաև նշանառությամբ հայտնի Էնի Օքլիի և նրա ղեկավար Ուիլյամ Քոդիի պատկերները, կամ "Բաֆալոյից Բիլը", ում "Վայրի Արևմուտք" ներկայացումը ցուցադրվել է նաև արտասահմանում:
Ըստ Գուդյերի` ցուցահանդեսը ներկայացնում է 80-ամյա շրջան` Արևմուտքի ձևավորումից մինչև ամբողջական ԱՄՆ: