Չորեքշաբթի օրը Նախագահ Ջորջ Բուշը ժամանեց Իսրայել` առաջին կանգառը Միջին Արևելք կատարած իր այցելության ժամանակ, որի շրջանակներում նա նաև կայցելի Սաուդյան Արաբիա և Եգիպտոս: Պարոն Բուշը ասում է, որ իր այցելության նպատակն է մինչև տարեվերջ իսրայելցիներին և պաղեստինցիներին մերձեցնել խաղաղության այնպիսի դաշնագիր կնքելուն, որն ի վերջո կհանգեցնի ժողովրդավարական և կայուն պաղեստինական պետության հաստատմանը: Ամերիկայի Ձայնի թղթակից Ջիմ Թիփլը Երուսաղեմից հաղորդում է, որ պարոն Բուշի` հունվարին տարածաշրջան կատարած վերջին այցելությունից հետո ինչպես Իսրայելում, այնպես էլ Պաղեստինական տարածքներում առավել թերահավատորեն են վերաբերվում այն հարցին, թե արդյոք այդ նպատակն իրատեսական է:
Մեկ տարուց քիչ ժամանակ է անցել պարոն Բուշի հովանու ներքո Անապոլիսում կայացած Միջին Արևելքի խաղաղությանը նվիրված համաժողովից, որտեղ ինչպես իսրայելցիները, այնպես էլ պաղեստինցիները հանձն առան խաղաղություն կնքել մինչև տարեվերջ: Այնուհետև, որպես նպատակ ընդունեցին ընդամենը շրջանակային պայմանագրի կնքումը, որով կհաստատվեին պաղեստինական պետության սահմանները, սակայն նույնիսկ այդ նպատակի իրականացումը մոտ ապագայում անիրական է թվում:
Երուսաղեմի Հրեական համալսարանի քաղաքագիտության դասախոս Ռյովան Հազանն ասում է, որ նախագահ Բուշի նպատակն իրականացնելու համար կարծես ժամանակ չի մնացել:
Նա ասել է. “Գուցե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է խթանել խաղաղության գործընթացը, սակայն ամենայն լրջությամբ նա փոքր-ինչ ուշ է գիտակցել դրա կարևորությունը: Նա սպասեց իր իշխանավարության վերջին տարվան: Նա սպասեց մինչև կորցրեց Կոնգրեսի երկու պալատների աջակցությունը: Եվ այժմ Միացյալ Նահանգները հաջորդ նախագահական ընտրությունների շեմին է: Իրականում այսպես չեն փորձում փոխել Միջին Արևելքի դարերից ի վեր եկող թշնամանքը:”
Լավատեսական չեն նաև Պաղեստինական տարածքներում գերիշխող կարծիքները: Չափավոր հայացքների հարող Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի (ով նաև հայտնի է որպես Աբու Մազեն) խորհրդականները հրապարակավ արծարծել են Պաղեստինական Ղեկավարությունը ապազինելու հարցը` Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառաբանությամբ: Այս քայլով վերջ կդրվի շուրջ 15 տարի առաջ սկսված Օսլոյի խաղաղության գործընթացին:
Հանի Ալ Մասրին պաղեստինցի լրագրող է և ղեկավարում է Բադաել լրատվական հետազոտական կենտրոնը Ռամալլահում: Նա ասում է, որ շատ պաղեստինցիներ այժմ կարծում են, որ իրավիճակը նույնիսկ առավել վատ է, քան մինչ անցյալ տարի Անապոլիսում կայացած համաժողովը:
“Անապոլիսից հետո պաղեստինցիների մեծամասնությունը աջակցում էր բանակցությունների գործընթացին: Սակայն այժմ պաղեստինցիների մեծ մասը Աբու Մազենին խնդրում է դադարեցնել բանակցությունները: Իսրայելն այս բանակցությունները օգտագործել է իր ռազմական ագրեսիան քողարկելու և տարաբնակեցումները ընդլայնելու համար: Դա խաղաղության գործընթաց չէ, դա գործընթաց է առանց խաղաղության,” ասել է նա:
Ըստ Հանի Ալ Մասրիի` բանակցությունների ընթացքում Իսրայելի հետ փոխզիջումների հասնելու Նախագահ Աբասի անկարողությունը նաև ամրապնդել է Գազայի Սեկտորը հսկող Համասի ուժերի դիրքերը. “Մինչև Անապոլիսի համաժողովը Համասը շատ թույլ էր Գազայում ձեռնարկած գործողություններից հետո: Սակայն Անապոլիսից հետո պաղեստինցիները առաջընթաց չեն տեսնում, իսկ Համասի դիրքերը ամրապնդվում են:”
Թուլացել են նաև Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթի դիրքերը: Նա այժմ ներգրավված է քրեական մի հետաքննության մեջ, որը կարող է վերջակետ դնել նրա կարիերային: Այդ գործով կաշառակերության մեղադրանք է առաջադրվել ամերիկացի մի գործարարի, որը գումարներ է հատկացրել պարոն Օլմերթի քաղաքական ընտրարշավներին, երբ նա դեռևս Երուսաղեմի քաղաքապետն էր:
Եվ այդ պատճառով էլ նախագահ Բուշը չափազանց ջերմ ընդունելության կարժանանա Իսրայելում: Արյունքում հնարավոր է առավել ուշադրություն դարձվի նախագահ Բուշի` գալիք ամիսներին`մինչև նրա պաշտոնավարության ավարտը, երկու կողմերի միջև խաղաղության գործընթացը խթանող խրթին որոշումներ ընդունելու կոչին: