Նախագահ Բուշը մեկնում է Ճապոնիա մասնակցելու Մեծ ութնյակի գագաթաժողովին

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը շաբաթ օրը մեկնել է Ճապոնիա` մասնակցելու աշխարհի խոշորագույն առաջատար ութ պետությունների ղեկավարների` այսպես կոչված Մեծ ութնյակի գագաթաժողովին:

Նախագահ Բուշն առավել վաղ հայտնել էր, որ եռօրյա գագաթաժողովին կքննարկեն համաշխարհային մտահոգության արժանացած առանցքային խնդիրներ, այդ թվում`էներգիայի պաշարներին և սննդամթերքի սղության վերաբերող հարցեր: Գագաթաժողովը կսկսվի երկուշաբթի օրը:

ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ նա Մեծ ութնյակի պետություններին` Ճապոնիային, Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Կանադային և Իտալիային, կոչ կանի կատարել նախկինում ստանձնած` Աֆրիկայի երկրներին առողջապահության բնագավառում աջակցություն ցուցաբերելու խոստումը:

Ճապոնիան ցանկանում է, որպեսզի կլիմայական փոփոխությունների խնդիրն առաջնային տեղ գրավի օրակարգում` հաշվի առնելով շրջակա միջավայրի պաշտպանների` միջազգային հանրությանը ուղղված կոչերը սահմանափակել օդն աղտոտող գազերի արտանետումը:

Նախագահ Բուշն ասել է, որ սատարում է նման նախաձեռնությունները` միևնույն ժամանակ նշելով, որ էական փոփոխություններ հնարավոր կլինեն միմիայն Հնդկաստանի և Չինաստանի պետությունների համագործակցության և մասնակցության դեպքում:

ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում է երկկողմանի հանդիպումներ ունենալ Ճապոնիայի վարչապետ Յասուո Ֆուկուդայի, ինչպես նաև Գերմանիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ռուսաստանի և Հնդկաստանի ղեկավարների հետ:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման առնչությամբ, Սպիտակ տան խոսնակ Դեյնա Պերինոն առավել վաղ հայտնել էր, որ կողմերը քննարկելու են հրթիռային պաշտպանության, ինչպես նաև Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցելու խնդիրները:

Տիկին Պերինոն նաև նշել է, որ նախագահ Բուշը ցանկանում է առավել սերտորեն ծանոթանալ նախագահ Մեդվեդևի ներքին քաղաքականության առաջնային խնդիրներին, որոնք ուղղված են Ռուսաստանում իրավունքի գերիշխանության ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանում` այդ թվում նաև Վրաստանից անջատ չճանաչված Աբխազիայում, խաղաղություն սահմանելուն և անվտանգություն երաշխավորելուն: