Ամերիկացի աշակերտները մասնակցում են սահմանադրության վերաբերյալ մրցույթի

Մի քանի հարյուր բարձր դասարանի աշակերտներ Վաշինգտոնում մասնակցել են ԱՄՆ-ի Սահմանադրության շուրջ գիտելիքների ազգային մրցույթի եզրափակիչ փուլին: Մրցույթը կոչվում է “Մենք` մարդիկ”, ինչը ԱՄՆ-ի սահմանադրության առաջին տողն է:

Մասնակից դպրոցականները ԱՄՆ-ի սահմանադրության գիտակներ են: Նրանք այն տաս թիմերի անդամներից են, ովքեր մասնակցում են սահմանադրության և ԱՄՆ-ի այլ հիմնադիր փաստաթղթերի շուրջ կազմակերպված մրցույթին:

Քոնեքթիքութ նահանգից Քարլի Շափիրոյի խոսքերով` իր թիմը սահմանադրությունն սկսել է ուսումնասիրել անցյալ տարվա հունիսից:

"Ես չափազանց ուրախ եմ, որ այս փուլին ենք հասել: Շատ դժվար պահեր են եղել, ստիպված եմ եղել այս մրցույթի համար որոշ զոհաբերությունների գնալ, բայց, հասնելով այս փուլին, համոզվում ես, որ այդ ամենն արժեր”, նշել է նա:

Աշակերտներին գնահատում են նրանց բացման խոսքերի և ներկայացված հարցադրումներին տված պատասխանների հիման վրա: Նրանք պետք է ցույց տան իրենց գիտելիքները և տեղում պաշտպանեն իրենց տեսակետները: Կոնգրեսի դահլիճներում անցկացվող այս մրցույթը նմանակում է կոնգրեսական լսումներին:

Ալաբամա նահանգից Մայքլ Փրիչարդի խոսքերով` իրեն բավականին բարդ հարցեր են տվել Անկախության հռչակագրի վերաբերյալ:

"Հարցերի տարափ էր, սակայն, կարծում եմ, մեր պատասխանները մենք լավ պաշտպանեցինք և կասկածի տեղիք չտվեցինք”, նշել է նա:

Մրցույթի ժյուրիի անդամների թվում էին նահանգային գերագույն դատարանների դատավորներ, քաղաքագետներ և պատմաբաններ:

Մարգարեթ Բրենսոնն արդեն 22 տարվա փորձ ունեցող դատավոր է: Նրա կարծիքով` անհրաժեշտ է աշակերտներին կառուցողական քննադատության ենթարկել: "Եթե միայն գովենք նրանց, աշակերտները չեն հասկանա, թե ինչու նրանք չզբաղեցրին առաջին տեղը: Իսկ ընտրություն միշտ էլ պետք է կատարես”, նշել է նա:

Մարգարեթ Բրենսոնի կարծիքով` մրցույթը հոյակապ լուծում է պատմության և քաղաքականության շուրջ աշակերտների հետաքրքրվածության բարձրացման համար:

"Շատերի մոտ արդեն նկատվում է առաջնորդի ներուժը: Մենք ցանկանում ենք խրախուսել նրանց առաջնորդներ դառնալ իրենց համայնքների, իրենց նահանգների և ընդհանրապես պետության համար”, ասել է նա:

Մրցանակներ ստանում են ամենաբարձր գնահատականներ ստացող երեք թիմերը, սակայն դպրոցականների մեծ մասի համար եզրափակիչ փուլին մասնակցությունն արդեն իսկ հպարտության աղբյուր է: