Հետազոտողներին հաջողվել է ստանալ կապիկներին Էբոլայի եւ Մարբուրգի վարակահարուցիչ մանրէներից պաշտպանող պատվաստանյութ, որը հետագայում թերեւս կօգտագործվի մարդկանց շրջանում։
ԱՄՆ-ի զինված ուժերի վարակիչ հիվանդությունների բժշկական ուսումնասիրությունների ինստիտուտի եւ Կանադայի հասարակական առողջապահության գործակալության գիտնականները հայտնել են, որ հաջողությամբ փորձարկել են Էբոլայի եւ Մարբուրգի վարակահարուցիչ մանրէներից պաշտպանող պատվաստանյութ։ Նրանց հաջողվել է մանրէներից մեկից առանձնացված գենը փոխարինել Էբոլայի եւ Մարբուրգի մանրէների ոչ-վարակիչ գեներով։ Նման պատվաստանյութով կապիկներին մեկ անգամ ներարկելը բավարար է եղել նրանց մանրէներից զերծ պահելու համար։ Հետազոտողներից Թոմ Գիսբերթը պարզաբանել է այս հայտնագործության կարեւորությունը։ Պարոն Գիսբերթը նշել է. "Չափազանց կարեւորում եմ այս հայտնագործությունը, քանի որ հիվանդներին պատվաստելու համար անհրաժեշտ է այնպիսի պատվաստանյութ, որը գործում է արագորեն"։
1970-ական թվականներին կենտրոնական Աֆրիկայում Էբոլայի եւ Մարբուրգի վարակահարուցիչ մանրէների հանդես գալուց ի վեր զոհվել են հազարավոր անձինք։ Այս մահացու մանրէներից պատահականորեն վարակվելուց խուսափելու նպատակով հետազոտողները կրում են պաշտպանական հագուստներ։
"Բժիշկներ առանց սահմանի" կազմակերպությունից դոկտոր Բրիջիտ Վասեթն ասել է. "Հիվանդի որեւէ տեսակի մարմնահեղուկի հետ շփվելու կամ կտրվածք ունենալու դեպքում դյուրին է Էբոլայի եւ Մարբուրգի մահացու մանրէներով վարակվելը"։
Վարակվելու դեպքում հիվանդների մոտ առաջանում է արյան սոսկալի կորուստ եւ կաթված, ինչն էլ մի քանի օրում հանգեցնում է մահվան։ Տասնամյակներ շարունակ մինչեւ այժմ գրեթե ոչ մի ելք չկար այս կացությունից։ Հետազոտողները հայտնել են, որ մինչեւ պատվաստանյութը մարդկանց շրջանում օգտագործելը կպահանջվի մի քանի տարվա փորձարկում։ Այնուամենայնիվ, նրանք նաեւ նշել են, թե կենսաբանական ահաբեկչության դեպքում պատվաստանյութը կարող է չափազանց արագորեն գործել։ Ուսումնասիրության արդյունքները հրատարակվել են "Նեյչըր Մեդիսին" պարբերականում։