Դիք Չեյնի. ՚՚ Բուշի վարչակազմը համոզված է, որ ՄԱԿ-ը պետք է բարեփոխել...՚՚։ - 2005-03-25

Միացյալ Նահանգներն արձագանքում է ՄԱԿ-ը բարեփոխելու Կոֆի Աննանի առաջարկին։

Միացյալ Նահանգների կոնգրեսական Թոմ Լանթոսն այն կարծիքին է, որ ՄԱԿ-ը բարեփոխելու մասին առաջարկների մեծամասնությունը գերազանց է։ Անցած երեքշաբթի Ամերիկայի Ձայնի կազմակերպած մամլո ասուլիսի ժամանակ պարոն Լանթոսը հայտնեց, թե առաջարկներից ամենակարեւորները երկուսն են. ֆինանսական հաշվետվություն սահմանելն ու Մարդու իրավունքների հանձնաժողովը փոխելը։ Մեկ այլ կարեւոր առաջարկ է ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ՚՚ահաբեկչություն՚՚ -ը սահմանվելը։

՚՚Ժամանակն է, որպեսզի ՄԱԿ-ն արտահայտվի ահաբեկչության մասին։ Ահաբեկչությունը, բոլոր պատճառներից անկախ, անընդունելի է աշխարհի քաղաքակիրթ համայնքի համար եւ ես ողջունում եմ իմ բարեկամ Կոֆի Աննանին որ պահանջում է որպեսզի ՄԱԿ-ն աներկբայորեն դատապարտի ահաբեկչությունը՚՚։

ՄԱԿ-ը բարեփոխելու առաջարկությունը ծրագրած հանձնաժողովի անդամներից մեկը ԱՄՆ-ի Ազգային անվտանգության երբեմնի խորհրդական Բրենթ Սքաուքրոֆթն էր, որը հանձնաժողովում միակ ամերիկացին էր։ Նա ասում է, թե հանձնաժողովի անդամները ներկայացնում էին տարբեր շահեր եւ օրակարգ ու համաձայնության հանգելը դյուրին չէր։

՚՚Քաջալերված եմ այն փաստով, որ հանձնաժողովն ընդգրկվեց այս գործընթացում եւ գրեթե առանց տարաձայնության գրեց զեկույց, որը համարում եմ միանգամայն նշանակալից։ Կարծում եմ, այս տարի կստուգենք Գլխավոր Քարտուղարի եւ մյուս անդամների հմտությունները, որն անշուշտ մեկ քայլ առաջ կատարվող քայլ է՚՚։

Կոնգրեսական Լանթոսն ասել է, թե մինչ առաջարկներից մի քանիսը վիճահարույց են, Կոֆի Աննանն արժանի է դրվատանքի ՄԱԿ-ի բազմաթիվ խնդիրներ հաղթահարել փորձելու համար։

՚՚ՄԱԿ-ի բազմաթիվ դժվարություններ, խնդիրներ ու թերություններ ունեն իրենց պատճառները։ ՄԱԿ-ն արտացոլում է խորապես տարակարծիք եւ թերություններով լի աշխարհը՚՚։

Սակայն նա ասում է, թե այն կարծիքին է, որ կազմակերպությունը կարող է բարեփոխվել եւ բարելավվել։ Նախագահ Բուշի վարչակազմը համամիտ է այդ մտքին։ ՚՚Վաշինգտոն Պոստ՚՚ թերթի թղթակցի հետ մի հարցազրույցում ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին ասել է, թե Բուշի վարչակազմը խորապես համոզված է, որ ՄԱԿ-ը պետք է բարեփոխել։ Նա ասել է, թե կազմակերպությունում Ջոն Բոլթոնի նշանակումն ազդանշանում է ՄԱԿ-ում կոռուպցիային վերջ դնելու Սպիտակ Տան հանձնառությունը։