Նոր կանոնակարգի համաձայն, ամերիկյան քաղաքացիության շնորհման գործընթացն արագացված է զինծառայող ներգաղթողների համար - 2005-03-18

Վերջերս Բուշի անվան նախագահական գրադարանում կայացավ ամերիկյան զինված ուժերում ծառայող 47 ներգաղթողների երդմամբ ԱՄՆ-ի քաղաքացիություն շնորհելու արարողությունը։

Սերժանտ Ռոսա Վեսթոնը Մեքսիկայից ԱՄՆ է եկել 20 տարի առաջ եւ վերջին 5 տարիների ընթացքում ծառայել է ամերիկյան բանակում։

Բուշի անվան նախագահական գրադարանում տեղի ունեցած արարողության ժամանակ սերժանտ Ռոսա Վեսթոնին եւ տարիներ առաջ ԱՄՆ ներգաղթած այլ զինվորների, նավաստիների ու օդաչուների ողջունեց Ջորջ Բուշ ավագը եւ ԱՄՆ-ի քաղաքացիության ու ներգաղթի ծառայության պետ Էդուարդո Ագիրեն։

Այս խմբի նոր քաղաքացիների կեսից ավելին ծառայել է Իրաքում կամ Աֆղանստանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռազմածովային նավատորմում օդաչու ծառայած ԱՄՆ-ի երբեմնի նախագահ Ջորջ Բուշ ավագը դրվատեց այս նոր քաղաքացիների ծառայությունը։

Նա նշել է. "Այսօր այստեղ հավաքված շատերի եւ այստեղ չգտնվող շատ ուրիշների համար երկրի հանդեպ պարտքի եւ պատվի զգացումը զուտ կարգախոս չէ, այլ կյանքն ապրելու դավանանք"։

Արարողության ավարտից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պարոն Բուշն ասաց, որ արարողությունը չափազանց հուզիչ էր։

Արարողության ժամանակ ամերիկյան քաղաքացիություն ստացած եւ բանակում ծառայող այս արայք ու կանայք աշխարհի 27 երկրներից են։ Բանակի կրտսեր սերժանտ Չի Սունգը 15 տարեկանում Միացյալ Նահանգներ է ներգաղթել Հարավային Կորեայից։

Չի Սունգն ասել է. "Հիանալի եմ զգում։ Տարիներ սպասում էի այս հնարավորությանը եւ այժմ կարող եմ հետեւել իմ երազանքներին"։

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում օդաչու ծառայող Ֆերնանդա Ֆերնանդես Հորնը 11 տարեկանում Միացյալ Նահանգներ է ժամանել Բրազիլիայից։ Ներկայումս նա ամուսնացած է ամերիկյան քաղաքացու հետ։

Ֆերնանդան հայտնել է. "ԱՄՆ-ում եղել եմ այս բոլոր տարիների ընթացքում եւ այժմ ինձ զգում եմ որպես ամերիկյան մեծ ընտանիքի մաս։ Ռազմաօդային ուժերում ծառայությունն ինձ այնքան բան է տվել եւ այժմ կարող եմ որոշ բանով փոխհատուցել ստացածիս դիմաց"։

ԱՄՆ-ի զինված ուժերում ներկայումս ծառայում են մոտավորապես 45 հազար ոչ-ամերիկյան քաղաքացիներ։ Անցած մի քանի տարում ավելի քան 50 ոչ-ամերիկյան քաղաքացիներ զոհվել են մարտական գործողությունների ժամանակ։ Նոր կանոնակարգի համաձայն, ամերիկյան քաղաքացիության շնորհման գործընթացն արագացված է զինծառայող ներգաղթողների համար, իսկ անցած երկու տարվա ընթացքում Միացյալ Նահանգների մշտական բնակչի կարգավիճակ են ստացել ԱՄՆ-ի զինված ուժերի մոտավորապես 16 հազար անդամներ։