Միացյալ Նահանգներն անուղղակիորեն մեղադրում է Սիրիային  - 2005-02-17

ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարար Քոնդոլիզա Ռայսն առաջարկել է սկսել միջազգային հետաննություն՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիք Հարիրիի սպանության առնչությամբ։

Այս շաբաթասկզբին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիք Հարիրին եւ առնվազն տասնվեց այլ անձինք Բեյրութում զոհվեցին ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով։ ԱՄՆ-ի կոնգրեսում ունկնդրության ժամանակ արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսը Սիրիային անմիջականորեն չմեղադրեց հարձակումների մեջ։

՚՚Մենք չափազանց հստակորեն արտահայտվել ենք, որ չգիտենք թե ով է պատասխանատու ռմբահարումների համար, սակայն դա պարզելու նպատակով անհրաժեշտ է միջազգային հետաքննություն։ Եթե հաշվի առնենք սիրիացիների դիրքորոշումը Լիբանանում, հաշվի առնենք այդ երկրի գործերին նրանց միջամտությունը, Լիբանանում նրանց զինուժերի ներկայությունը, հաշվի առնենք որ ահաբեկիչները գործում են հարավային Լիբանանում, Սիրիայի սահմանի մերձակայում, սիրիացի զինվորների հարեւանությամբ, ապա այս ամենը սիրիացիների վրա հատուկ պատասխանատվություն է դնում Լիբանանում այդ կարգի անկայունացում ստեղծվելու համար եւ որ այդպիսի բան կարող էր տեղի ունենալ՚՚։

Արտաքին գործոց նախարարությունն անցնող երեքշաբթի շեշտեց ԱՄՆ-ի վրդովմունքը սպանության առնչությամբ եւ հայտարարեց Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանին՝ Մարգըրեթ Սքոբիին ետ կանչելու մասին, որն անցյալ տարի հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ։ Չնայած Լիբանանում Սիրիայի ազդեցությանը, պարոն Հարիրին Վաշինգտոնում հարգված էր որպես Լիբանանում անկախ գործիչ։ Բացի այդ, Վաշինգտոնը Սիրիային մեղադրել է Իրաքի դեմ գործող ապստամբների համար ապաստան հանդիսանալու մեջ։ Այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի ճնշման ներքո գտնվող մեկ այլ երկիր Իրանն է։ Միացյալ Նահանգներն ու նրա եւրոպական դաշնակիցները Թեհրանի վրա ճնշում են գործադրում որպեսզի հրաժարվի միջուկային զենքեր հետամտելուց։ Իրանն ու Սիրիան այս շաբաթ հայտարարել են թե միացյալ ճակատ կկազմեն դիմագրավելու այլ երկրների սպառնալիքները։ Այս մասին հայտարարվել է Սիրիայի վարչապետ Նաջի Օթրիի եւ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի միջեւ անցնող չորեքշաբթի Թեհրանում կայացած բանակցություններից հետո։

Ամերիկայի Ձայն, Վաշինգտոնից։