Միացյալ Նահանգների սենատոր Ռիչարդ Լուգար. ՚՚ Մեր օգնությունը Վրաստանին անհրաժեշտ է այժմ...՚՚  - 2005-02-10

Միացյալ Նահանգների սենատոր Ռիչարդ Լուգարը հայտարարել է, թե ԱՄՆ-ը հանձնառու է օգնելու դեպի ժողովրդավարություն տանող իրենց ճանապարհին առկա դժվարությունները հաղթահարող ժողովուրդներին։

Նախագահ Ջորջ Բուշը սենատոր Ռիչարդ Լուգարին խնդրեց փետրվարի վեցին Միացյալ Նահանգները ներկայացնել Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի հուղարկավորության ժամանակ։ Անցած երեքշաբթի Լուգարը Սենատում ներկայացրեց Ժվանիայի հիշատակը հավերժացնող մի որոշում։

Երեք ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ է, ինչ նախագահ Բուշը Լուգարին խնդրում է Միացյալ Նահանգները ներկայացնել տարածաշրջանում։ Լուգարը նախագահի պատվիրակն էր անցած տարվա նոյեմբերի քսանմեկին Ուկրաինայում կայացած նախագահական կրկնական ընտրությունում։

՚՚Ժվանիայի ժառանգությունը շարունակում են ՚՚Վարդերի Հեղափոխության՚՚ համաղեկավարները՝ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն՚՚, ասաց Լուգարը։ ՚՚Անցած շաբաթ Թբիլիսիում կայացած մեր հանդիպման ժամանակ նախագահ Սահակաշվիլին շեշտեց իր հանձնառությունը իր քաղաքականությունը շարունակելու խնդրում, ինչպես նախատեսել էր վարչապետ Ժվանիան, որը բարեփոխումները խորացնելն ու Վրաստանի անջատողական հակամարտությունները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելն է։ Նինո Բուրջանաձեն իր համաձայնությունը հայտնեց այս ծրագրին։ Վարչապես Ժվանիայի կողմից մշակված ու Սահակաշվիլու կողմից երկու շաբաթ առաջ Եվրախորհրդարանին հանձնված Հարավային Օսեթիայի խաղաղության ծրագրում նշվում է բեկումնալից մի լուծում, որի համաձայն պահպանվում է Վրաստանի տարածքային անձեռնմխելիությունը, սակայն շրջանին շնորհվում է չափազանց մեծ ինքնավարություն։

՚՚ Մեր օգնությունը Վրաստանին անհրաժեշտ է այժմ, իր խաղաղ վերասերտաճման, անդրատլանտյան ընտանիքում ընդգրկվելու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար՚՚, ասել է պարոն Լուգարը։