ՄԱԿ-ն իր անդամ 80-ից ավելի երկրների դեսպաններին կոչ է արել հնարավորին չափ շտապ իրագործել իրենց դրամական հանձնառությունն ավերիչ ցունամիից տուժածների առնչությամբ։ Տարբեր երկրների կառավարություններ եւ մասնավոր նվիրատուներ այդ նպատակով խոստացել են հատկացնել 7 միլիարդ դոլարից ավելի գումար։
Սակայն այդ գումարի մեծ մասը կծախսվի տարիների ընթացքում եւ ՄԱԿ-ի այնպիսի գործակալություններ, ինչպիսիք ՅՈւՆԻՍԵՖ-ը կամ Պարենի համաշխարհային ծրագիրն ու ոչ-կառավարական կազմակերպություններն են, անհապաղ դրամի կարիք ունեն՝ հարյուր հազարավոր անօթեւան մնացած անձանց կերակրելու եւ հիվանդությունները կանխելու համար։
ՄԱԿ-ը հայտնել է, որ Հարավային Ասիայի ողբերգությունը չպետք է խոչընդոտի այլ վայրերում տեղի ունեցող լայնածավալ ճգնաժամերին անհապաղ օգնությանը։ Օրինակ, ՄԱԿ-ի պաշտոնատարներից Յան Էգլենդը հայտնել է, թե հիվանդությունների եւ ներքին հակամարտության հետեւանքով Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում ամեն օր մահանում է հազար անձ։ Պարոն Էգլենդն ավելացրել է, թե դա համազոր է այն բանին, որ ամեն 5 ամիսը մեկ ցունամին հարվածի այդ երկրին։ 2005 թվականի համար ՄԱԿ-ը 1 միլիարդ 7 հարյուր միլիոն դոլար գումարի խնդրագիր է ներկայացրել, որը պետք է օգտագործվի ճգնաժամային վիճակում գտնվող 14 երկրներում։
Պարոն Էգլենդը նշել է. "Մեզ համար մեծ հուսալքություն, իսկ այդ երկրների զոհերի համար մեծ ողբերգություն կլինի, եթե օգնության արդեն իսկ գործող ծրագրերն ի վիճակի չլինենք պահպանելու գոյություն ունեցող մակարդակով, քանի որ նվիրատվությունների մեծ մասը կենտրոնացած կլինի ցունամիից տուժած երկրների վերականգնման համար։"
Պարոն Էգլենդն աշխարհի երկրներին իր երախտագիտությունն է հայտնել ցունամիից տուժածներին շուտափույթ արձագանքի եւ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համար։ Նա ավելացրել է, թե մինչեւ այժմ չեն նկատվել դողէրոցքի եւ խոլերայի համաճարակի դեպքեր։