Ուսումնասիրությունների համաձայն, բազմաթիվ ամերիկուհիների կարծիքով կանանց առողջությանն ամենամեծ սպառնալիքը կրծքի քաղցկեղն է։ Սակայն ամեն տարի տասն անգամ ավելի մեծ թվով կանայք մահանում են սրտանոթային հիվանդություններից, քան կրծքի քաղցկեղից։ Թե՛ տղամարդկանց, եւ թե՛ կանանց շրջանում սրտի կաթվածը նրանց մահվան համար առաջին պատճառն է։ Միացյալ Նահանգներում կրծքի քաղցկեղից ամեն տարի մահանում են մոտավորապես 40 հազար կանայք։ Սակայն սրտի կաթվածի հետեւանքով մահանում են մոտավորապես 500 հազար կանայք։ Սրտանոթային հիվանդություններից մահանում են 15 տոկոսով ավելի կանայք, քան տղամարդիկ։ Դրան հակառակ, դեռեւս շատերը կարծում են, թե սրտանոթային հիվանդություններով տառապում են գլխավորապես տղամարդիկ։ Սրտաբանության ամերիկյան ընկերակցությունը նոր ուղեցույցներ է նախապատրաստել, որպեսզի կանանց շրջանում հնարավոր լինի կանխել սրտանոթային հիվանդությունները։ Այդ ուղեցույցները հրատարակվել են Սրտաբանության ամերիկյան ընկերակցության պարբերականում։ Օրինակ, նոր ուղեցույցով կանանց հորդորվում է հորմոնների համալրման թերապիան չօգտագործել որպես սրտի կաթվածը կանխելու միջոց։ Հորմոնների համալրման թերապիան այն կանանց համար է, ում ծննդաբերելու տարիքն անցել է։ Սակայն վերջին ուսումնասիրությունների համաձայն, այդ թերապիան կարող է ավելի շատ վնասել, քան օգուտ տալ։ Նոր ուղեցույցով կանանց հորդորվում է տեղեկանալ սրտի հիվանդությունների նկատմամբ ունեցած իրենց հակվածության եւ վտանգի աստիճանի մասին։ Ուղեցույցով կանանց խորհուրդ է տրվում այս հարցերի շուրջ իրենց բժիշկների հետ զրուցել եւ պարզաբանումներ ստանալ 20 տարեկան հասակից։ Սրտանոթային հիվանդությունների վտանգավորության գործոնների թվում են անձի ծխելը, տարիքային առանձնահատկությունները, արյան մեջ խոլեստերինի քանակը, արյան ճնշումը։ Սրտաբանության ամերիկյան ընկերակցությունը հայտնել է, որ սրտի հիվանդությունների նկատմամբ վտանգի մեծ հակում ունեցող անձինք պետք է իրենց բժշկից խնդրեն այնպիսի դեղամիջոցներ, որոնք իջեցնում են արյան մեծ խոլեստերինի քանակը։ Եթե կանանց արյան ճնշումը 140-ը 90-ից բարձր է, ապա նրանք պետք է փորձեն արյան ճնշումը նվազեցնող դեղամիջոցներ կամ բուժումներ ստանալ։ Սրտաբանության ամերիկյան ընկերակցության կողմից մշակված նոր ուղեցույցում ասված է, որ սրտի կաթվածի վտանգի մեջ գտնվող անձինք պետք է ամեն օր ասպիրին ընդունեն։ Ասպիրինը կարող է նվազեցնել սրտի կաթվածի վտանգի աստիճանը։