ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-12-28

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ

Ինչպես ասվում է աշխարհի երկրներում կրոնական ազատության վերաբերյալ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության վերջին զեկույցում, Թուրքմենստանն այն երկրներից մեկն է, ուր կացությունը վատթարացել է։ Թուրքմենստանում առկա է օրենք, որն արգելում է կրոնական ամեն կարգի անկախ դավանանք։ Իրենց կրոնը դավանելու նպատակով կրոնական խմբերը պետք է գրանցվեն կառավարության կողմից։ Եւ միայն որեւէ շրջանում առնվազն հինգ հարյուր անդամ ունեցող խմբերը կարող են գրանցվել։ Այս խնդրի գործնական հետեւանքն այն է, որ միայն սուննի մահմեդականներին ու ռուս ուղղափառ եկեղեցու հետեւորդներին է թույլատրվում գրանցվել։ Կրոնական այս երկու գրանցված խմբերը վերահսկվում են Թուրքմենստանի կառավարության կողմից։ Կառավարությունը վճարում է մահմեդական կրոնական առաջնորդների մեծ մասի աշխատավարձը եւ նրանցից պահանջում է կանոնավորապես զեկուցել կառավարության Կրոնական հարցերի խորհրդին։ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւորականները նույնպես պետք է զեկուցեն խորհրդին։ Թուրքմենստանի կառավարության կողմից չգրանցված կրոնական խմբերը ենթարկվում են խտրականության։ Այդ խմբերի թվում են հայ առաքելական եկեղեցու, հռովմեադավան կաթոլիկ եկեղեցու հետեւորդները, մկրտչականները, եւ քրիստոնեական դավանանքի այլ ճյուղերի համայնքներ։ Թիրախի տակ են վերցվում նաեւ բահայինների, հարե կրիշնայի եւ հրեաների փոքրիկ համայնքները։ Հալածանքների թվում են այդ համայնքների կրոնական առաջնորդների կալանումն ու ձերբակալությունը, նրանցից կրոնական գրականության եւ նյութերի բռնագրավումը, կրոնական հավատքից հրաժարվել հարկադրելու նպատակով նրանց վրա գործադրվող ճնշումը եւ տնից ու աշխատանքից նրանց վտարելու սպառնալիքները։ Ավելի քան կես դար առաջ, Միավորված ազգերի կազմակերպության ընդհանուր ժողովն ընդունեց Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը։ ՚՚Բոլոր անձինք՚՚, ասվում է հռչակագրում, ՚՚ հրապարակայնորեն կամ մեկուսի իրավունք ունեն իրենց կրոնը դրսեւորելու այն ուսուցանելիս, դավանելիս, աղոթելիս եւ արարողությունների ժամանակ։ Թուրքմենստանի քաղաքացիներին, ոչ պակաս քան այլ երկրների քաղաքացիներին է թույլատրվում, պետք է արտոնվի ազատորեն դավանելու իրենց ընտրած կրոնը։