ԱՐԱԲԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ - 2003-07-13

Արաբական Լիգայի խոսնակ Հիշամ Յուսեֆը հայտնել է, թե արաբական երկրների կառավարությունները կճանաչեն Իրաքի որեւէ նոր իշխանություն, որն ավելի՛ն կլինի, քան պարզապես խորհրդատվական մարմին լինելը։ Այս մասին նա ասել է. ‘’Մենք այն կարծիքին ենք, որ իրաքցիների համար կարեւոր է հնարավորին չափ շուտ սկսել իրենց սեփական հարաբերությունները կառավարելը։ Շատ բան կախված կլինի այս խորհրդի ունենալիք իշխանությունից, եւ թե ի՞նչ է մտադիր անելու’’։ Պարոն Յուսեֆը հայտնել է, թե Արաբական Լիգան կմերժի ճանաչել ցանկացած խորհուրդ, որը կմերժվի հենց իրաքցիների՛ կողմից։ ‘’Մենք պետք է տեսնենք թե Իրաքի ժողովուրդն ինչպես է արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին։ Կացությունն անորոշ է. չի հաջողվել ապահովել անվտանգություն, կայունություն ձեռք չի բերվել, այսպիսով, կացությունը բավականին լարված է’’։ Չնայած Իրաքը Կահիրեում հաստատված Արաբական Լիգայի անդամ է, Միացյալ Նահանգների կողմից առաջնորդվող դաշնադրային զինուժերի կողմից ապրիլ ամսին Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնին իշխանությունից հեռացվելուց ի վեր այն ներկայացուցիչ չի ունեցել Լիգայում։ Պարոն Յուսեֆը հայտնել է, թե այդ կազմակերպությունում Իրաքին պատկանող տեղը միայն կզբաղեցնի Արաբական բոլոր երկրների կողմից ճանաչված Իրաքի կառավարության ներկայացուցիչը։ Վերլուծաբան Մոհամեդ Քամելը հայտնել է, թե Արաբական Լիգայի դիրքորոշումն արտացոլում է արաբական աշխարհում միլիոնավոր մարդկանց տրամադրությունը, ուր բազմաթիվ անձինք այն կարծիքին են, որ Միացյալ Նահանգներն իրական վերահսկողությունը վերստին իրաքցիներին հանձնելու ոչ մի մտադրություն չունի։ ‘’Ամենայն հավանականությամբ, մարդիկ Իրաքը կառավարող այս խորհուրդը կհամարեն մարիոնետային վարչակարգ, կամ մարիոնետային խորհուրդ, որը Միացյալ Նահանգների կողմից թերեւս վերահսկվում է կուլիսների ետեւից’’, ասել է պարոն Քամելը։ Կահիրեյի համալսարանի քաղաքատնտեսության պրոֆեսոր պարոն Քամելը հայտնել է թե քիչ հույս է առկա, որ Իրաքի խորհուրդը կարժանանա արաբների հավանությանը, ովքեր Միացյալ Նահանգներին մեղադրում են իրաքցիների կյանքը բարելավելու իր խոստումը չկատարելու մեջ։