ԻՐԱՔ - 2003-07-05

[AP, AFP, REUTERS] - Բաղդադի արեւմուտքում գտնվող Ռամադի քաղաքում կատարված մի պայթյունի հետեւանքով սպանվել են Միացյալ Նահանգների հովանավորած իրաքյան ոստիկանության յոթ նորակոչիկներ։ Ականատեսներն ասում են, որ պայթյունը կատարվել է այսօր, երբ ավարտական դասընթացներից հետո նորակոչիկները քայլելով անցել են մի փողոցով։ Հաղորդագրությունները տեղեկացնում են, որ սույն ռմբահարության հետեւանքով թերեւս վիրավորվել են ավեի քան քառասուն ուրիշ իրաքցիներ։ Հետաքննիչները փորձում են գտնել պայթյունի պատճառը։ Ռամադին հիմնականում սուննի մահմեդականներով բնակելի շրջան է, որն Իրաքի պաշտոնանկ ղեկավար Սադամ Հուսեյնին աջակցող պատվարներից մեկն էր։ Սույն հարձակումը կատարվում է մեկ օր անց այն իրողությունից, երբ Ալ-Ջազիրա հեռուստակայանը եթեր ձայնասփռեց, ըստ տեսակետների, Սադամ Հուսեյնի ելույթը, ուր իրաքցիներին հորդորվում էր սատարել հակա-ամերիկյան ընդդիմադիր մարտիկներին։ Մեկ այլ զարգացմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջում է ազատ արձակել այն տասնմեկ թուրք զինվորներին, որոնց հյուսիսային Իրաքում կալանել են ամերիկացի զինվորները։ Ամերիկացի պաշտոնատարներն ասում են, թե իրենք տեղյակ չեն այդ միջադեպի մասին։ Թուրքական լրատվական հաղորդագրությունների համաձայն, ամերիկացի հարյուր զինվորներ ռազմերթ են կատարել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Սուլեյմանիե քաղաքում տեղակայված թուրքական ռազմական մի հաստատության վրա եւ ձերբակալել են այդ զինվորներին, որոնք կասկածվում են սույն տարածաշրջանի քուրդ կառավարիչներից մեկի դեմ հարձակում ծրագրելու մեջ։ Իրաքի դեմ Միացյալ Նահանգների գլխավորած պատերազմի սկզբին Թուրքիան զինվորական դիտորդներ է առաքել այդ երկրի հյուսիսային տարածք։ Պարոն Էրդողանն ասել է, որ Թուրքիայի արտաքին գործոց նախարար Աբդուլլահ Գյուլը սույն խնդրի վերաբերյալ կապի մեջ է Միացյալ Նահանգների արտգործնախարար Քոլին Փաուելի հետ։ Մարտ ամսին իրաքյան պատերազմի բռնկումից առաջ Միացյալ Նահանգների պաշտոնատարները մտահոգություն արտահայտեցին հյուսիսային Իրաքի սահմանային շրջանում թուրք զինվորների եւ քուրդ մարտիկների միջեւ հավանական բախումների վերաբերյալ, մի տարածք, ուր քրդերն իրենց վարչական գործերն են վարում 1991 թվականին Պարսից ծոցի պատերազմի ավարտից ի վեր։ Թուրքիան երկար ժամանակ այն մտավախությունն ուներ, որ քրդերը թերեւս կփորձեն անկախ երկիր ստեղծել մի տարածաշրջանում, որը ներկայումս գտնվում է հարավ-արեւելյան Թուրքիայում եւ հյուսիսային Իրաքում։