[AP, REU] - Իրաքում գտնվող ամերիկյան զինվորականությունը տեղեկացնում է, որ Բաղդադի հարավում զինվորական ավտոշարասյան վրա կատարված մի հարձակման հետեւանքով սպանվել է առնվազն մեկ զինվոր։ Ամերիկյան զինվորականությունն ավելացնում է, որ վիրավորվել է նվազագույնը մեկ զինվոր։ Սույն հարձակումը կատարվում է մեկ օր անց այն իրողությունից, երբ Բաղդադի արեւմուտքում գտնվող գլխավոր նավթատար խողովակաշարը պայթել եւ փակվել է մինչեւ երկինք հասնող բոցի պատճառով։ Երեկ ուշ երեկոյան կատարված պայթյունը տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաքից հարյուր հիսուն կիլոմետրի վրա գտնվող Հիթ քաղաքի մոտակայքում։ Որեւէ մեկնաբանություն չի արվել պայթյունի պատճառների մասին, որի առնչությամբ, ըստ ամերիկացի զինվորական մի խոսնակի, կատարվում է հետաքննություն։ Որեւէ հաղորդագրություն չկա տուժածների մասին։ Երեկ վաղ առավոտյան մեկ այլ առանձնակի միջադեպ է կատարվել Հիթ քաղաքում, ուր պարեկող ամերիկացի երկու զինվորներ վիրավորվել են, երբ նրանց ավտոմեքենան անցել է դաշտային ականի վրայով։ Իրաքը պատրաստվում է վերջին երեք ամսում առաջին անգամ վերսկսել նավթի արտահանումները։ Պաշտոնատարները չեն մանրամասնել, թե արդյո՞ք այդ պայթյունը կձգձգի արտահանման ծրագրերի կենսագործումը։ Նավթառաքումները կասեցված են մարտ ամսից, նախագահ Սադամ Հուսեյնին պաշտոնանկ անելու նպատակով Միացյալ Նահանգների գլխավորությամբ Իրաքի դեմ պատերազմ սկսվելու պատճառով։ Այս ամսվա սկզբներին մի պայթյուն վնասեց դեպի հարեւան Թուրքիա տանող գլխավոր խողովակաշարը, սակայն այն նորոգվեց եւ այժմ գործում է։ Իրաքի նավթարդյունաբերության հաստատություններում կատարված հետպատերազմյան կողոպուտներն ու նենգադուլները ձգձգեցին նավթի արտահանումները։ Մինչեւ պատերազմը Իրաքն ամեն օր արտահանում էր մոտավորապես երկու միլիոն տակառ նավթ։ Երեկ ամերիկյան զինյալ ուժերը նոր ռազմերթեր են կատարել Իրաքում, որպես Սադամ Հուսեյնի պաշտոնանկ վարչակարգին հավատարիմ գրոհայիններին վերացնելու գործողության մի մաս։