ԻՍՐԱՅԵԼ-ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐ - 2003-06-11

ԻՍՐԱՅԵԼ-ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐ --- [AP, AFP] - Իսրայելյան ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր կենտրոնական Երուսաղեմում, ավտոբուսի մեջ կատարված անձնասպան ռմբահարման հետեւանքով սպանվել է առնվազն տասնհինգ մարդ, իսկ վիրավորվել են վաթսունհինգ ուրիշներ։ Իսրայելը տեղեկացնում է, թե իր հետախուզությունն ապացուցում է, որ ՀԱՄԱՍ-ի այն ավագ պաշտոնատարը, որին երեկ փորձել է սպանել, օգնել է իսրայելացիների դեմ կատարված հարձակումները ծրագրելուն։ Իսրայելյան պաշտոնատարներն ասում են, թե փաստերը ցույց են տալիս, որ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդել Ազիզ Ռանթիսիին սպանելու փորձն արդարացի է եւ նպատակ չունի խափանելու Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու ՚ուղեցույց՚ կոչվող ծրագրի կենսագործումը։ Իսրայելը նրա վերաբերյալ հետախուզական տվյալները փոխանցել է Միացյալ Նահանգներին, մեկ օր անց այն իրողությունից, երբ նախագահ Բուշն ասաց, թե այդ հարձակումը դժվարացնում է գրոհային խմբերին սանձելու պաղեստինյան ղեկավարների գործը եւ չի նպաստում Իսրայելի անվտանգությանը։ ՀԱՄԱՍ-ը խոստացել է վրեժ լուծել Գազայի գոտում տեղի ունեցած պարոն Ռամթիսիի կյանքի դեմ կատարված մահափորձի համար։ ՀԱՄԱՍ-ի ղեկավարը վիրավորվել է, երբ իսրայելյան ուղղաթիռները մի քանի հրթիռ են արձակել նրա ավտոմեքենայի վրա։ Հարձակման հետեւանքով նրա թիկնապահներից մեկն ու պաղեստինցի մի կին մահացել են, իսկ վիրավորվել են քսանհինգ ուրիշներ։ Ըստ հաղորդագրությունների, Իսրայելի վարչապետ Արիել Շարոնն այսօր իր վարչակազմին տեղեկացրել է, որ երկիրը որեւէ զիջում չի կատարի ահաբեկիչներին։ Կառավարության պաշտոնատարներից մեկը վկայակոչում է, թե պարոն Շարոնն ասել է, որ վերջերս Հորդանանում կայացած խաղաղության վեհաժողովի ժամանակ այդ մասին Իսրայելը հստակ է դարձրել ամերիկացի եւ պաղեստինցի պաշտոնատարներին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանն ասել է, թե իսրայելյան հարձակումը կդժվարացնի իսրայելացիների դեմ կատարվող հարձակումները դադարեցնելու գործում պաղեստինյան վարչապետ Մահմուդ Աբասի կողմից գործադրվող ջանքերը։ Պարոն Անանն այսօր այստեղ՝ Վաշինգտոնում առանձնակի հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարար Քոլին Փաուելի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիսա Ռայսի հետ, քննարկելով Մերձավոր Արեւելքի կացությունը։ Եգիպտոսի հետախուզության ղեկավար Օմար Սուլեյմանն այսօր Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Ռամալլահ Քաղաքում հանդիպել է պաղեստինյան նախագահ Յասիր Արաֆաթին, նրա հետ քննարկելով Իսրայելի եւ գրոհային խմբերի միջեւ հրադադար հաստատելու խնդիրը։ ՀԱՄԱՍ-ը տեւապես մերժել է երեսուներեքամսյա սույն հակամարտությունը կասեցնելու եւ հրադադար հաստատելու ջանքերը։