ԻՐԱՔ-ՎԱՐՉԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2003-05-11

Ամերիկացի պաշտոնատարներն ասում են, թե Բուշի վարչակազմը փոխում է Իրաքի վերակառուցման ջանքերը գլխավորող խմբի ավագ անդամներին։ Ակնկալվում է, որ կենտրոնական Իրաքի ամերիկացի համադրող եւ Բաղդադի քաղաքապետ Բարբարա Բոդինը Վաշինգտոն կվերադառնա այսօր։ Նա Իրաքում Միացյալ Նահանգների գլխավորած խմբում ամենաբարձրաստիճան ամերիկացի կինն է եւ բարձր պաշտոն է զբաղեցնելու արտգործնախարարությունում։ ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏ օրաթերթը վկայակոչում է ամերիկացի պաշտոնատարների, որոնք ասել են, թե վերակառուցման խմբի այլ ավագ անդամներ, այդ թվում ամերիկյան բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ջեյ Գարները Իրաքից կվերադառնան երկու շաբաթ հետո։ Թերթը վկայակոչում է պաշտոնատարների, որոնք ասում են, թե մինչեւ այս ամսավերջ Բաղդադում նրանց փոխարինելու է լիովին տարբեր վարչախումբ։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության վերակառուցման եւ մարդասիրական օգնության բաժինը պաշտոնապես չի մեկնաբանել սույն հաղորդագրությունը։ Վերանշանակումները կատարվում են մի քանի օր անց այն իրողությունից, երբ նախագահ Բուշը վետերան դիվանագետ Փոլ Բրեմերին նշանակեց Իրաքի բարձրաստիճան քաղաքացիական վարիչ։ Գեներալ Գարները Բաղդադ է ժամանել ապրիլ ամսին, ասելով, թե ակնկալվում է, որ ինքն այնտեղ կմնա մոտավորապես երեք ամիս։ Սակայն իրաքցիներն ասում են, թե Գարների վարչակազմը չկարողացավ կազմավորել իշխանություն եւ չկատարեց տարրական սպասարկությունները վերականգնելու խոստումները։ Միաժամանակ, Իրաքի խոշորագույն շիա մահմեդական խմբի առաջնորդը պահանջում է հիմնել իսլամական կառավարություն, զերծ բոլոր կարգի արտասահմանյան ներգործություններից։ Այաթոլլահ Մոհամեդ Բաղիր ալ-Հաքիմն ասում է, թե նոր Իրաքը կարիքն ունի արդիական իսլամական կառավարության, որը հարգում է շիաներին, փոքրամասնություններ՝ սունիներին, քրդերին, թյուրքախոս ցեղերին ու քրիստոնյաներին։ Իրանում քսաներեք տարի տարագրության մեջ ապրելուց հետո երեկ հայրենիք վերադարձած Այաթոլլահ Հաքիմը Բասրայում խմբված հարյուր հազարանոց բազմությանը տեղեկացրել է, թե Իրաքը, իր բառերով՝ այժմ ներգրավված է ՚վերակառուցման սուրբ պատերազմում՚ եւ արշավով ընթանում է դեպի անկախություն։