ԻՐԱՔ-ՄԱԿ-Ի ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ - 2003-05-08

Միացյալ Նահանգները բարեխոսչական աշխատանք է ծավալել Իրաքի նկատմամբ հաստատված տնտեսական պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների աջակցությունը շահելու համար։ Արտաքին գործոց նախարար Քոլին Փաուելը երեկ Նյու Յորքում ասել է, թե Իրաքում ընթացող պատերազմի վերաբերյալ առկա տարաձայնություններն այժմ պատկանում են անցյալին եւ ժամանակն է, որ ի մի գանք դյուրացնելու համար Իրաքի բնակչության բեռը։ Միացյալ Նահանգները հուսով է, որ այս շաբաթ անվտանգության խորհրդին կներկայացնի ՄԱԿ-ի հաստատած պատժամիջոցների վերացման վերաբերյալ մի օրինագիծ, որը ճանապարհ կհարթի Իրաքի նավթի արտահանումը վերսկսելու համար։ Երեկ Միացյալ Նահանգները տեղեկացրեց, որ անմիջապես կվերացնի Իրաքի նկատմամբ իր իսկ կողմից հաստատված որոշ պատժամիջոցներ եւ ցանկանում է, որ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերացվեն մինչեւ հունիսի երեքը՝ գոյություն ունեցող ՚նավթ պարենի դիմաց՚ ծրագրի պայմանաժամկետի ավարտը։ Արտաքին գործոց նախարարի օգնական Կիմ Հոլմսն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի դաշնության արտաքին գործոց նախարար Իգոր Իվանովի՛ եւ նրա տեղակալ Յուրի Ֆեդոտովի՛ հետ, քննարկելով Բաղդադի նկատմամբ հաստատված պատժամիջոցների եւ Իրաքի վերակառուցման խնդիրները։ Հանդիպումից հետո պարոն Հոլմսն ասել է, թե ռուս պաշտոնատարները խնդրին մոտեցել են ՚ըմբռնմամբ՚, սակայն որեւէ նշան ցույց չի տվել, թե ռուսներն աջակցում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացված ամերիկյան օրինագծին։ Պարոն Հոլմսն այսօր մեկնելու է Գերմանիա։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, թե պատժամիջոցները չեն կարող վերացվել, մինչեւ որ հստակ չդառնա, որ Իրաքը չունի զանգվածային բնաջնջման զենքեր։ Ռուսաստանն ու Ֆրանսիան ՄԱԿ-ի զինատեսուչների խմբին կոչ են արել վերադառնալ Իրաք եւ ստուգել զինաթափության խնդիրը, սակայն Միացյալ Նահանգներն ընդդիմացել է այդ առաջարկությանը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը տնտեսական պատժամիջոցներ հաստատեց Իրաքի նկատմամբ, երբ վերջինս 1990 թվականին ներխուժեց եւ գրավեց հարեւան Քուվեյթը։