ԻՐԱՔՅԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆ - 2003-04-28

Հետպատերազմյան Իրաքում վերկառուցման ջանքերի պատասխանատու ամերիկացի պաշտոնատար, բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ջեյ Գարները Բաղդադում հանդիպում է Իրաքի քաղաքական, կրոնական եւ ազգությունների ղեկավարների հետ, նրանց հետ քննարկելու համար նոր կառավարություն կազմելու խնդիրը։ Իրաքյան ավելի քան երկու հարյուր հիսուն պատվիրակների հանդիպման ժամանակ ունեցած բացման խոսքում գեներալ Գարներն ասել է, թե այս մեկօրյա հանդիպման նպատակը Իրաքում ժողովրդավարության գործընթացն սկսելն է։ Նա խոստացել է, որ իր անձնակազմը իրաքցիներին կտրամադրի այն միջոցները, որոնք անհրաժեշտ են կառավարություն կազմելու գործընթացն սկսելու համար։ Խստորեն վերահսկված սույն նիստում իրաքցի պատվիրակներն իրենց ելույթներում շեշտել են երկրի անվտանգության ու ենթակառույցի ստեղծման անհրաժեշտությունը։ Բազմաթիվ ելույթ ունեցողներ շնորհակալություն են հայտնել դաշնադրային զինյալ ուժերին, Սադամ Հուսեյնին պաշտոնանկ անելու համար, սակայն պնդել են, որ Իրաքը կարող են ղեկավարել միայն իրաքցիները։ Բաղդադի կենտրոնում կայացած խորհրդաժողովի մասնակից պատվիրակների թվում եղել են շիա եւ սուննի կղերականներ, քրդեր ու ցեղապետեր։ Ամերիկացի պաշտոնատարներն ասում են, թե ակնկալվում է, որ կարողական ղեկավարներ կհայտնվեն Սադամի վարչակարգին ընդդիմացած իրաքցիների հանդիպումից։ Միաժամանակ, Իրաքում գտնվող ամերիկյան զինյալ ուժերի հրամանատար Թոմի Ֆրանքսն ասում է, թե ինքը Սադամի կենդանի լինելու որեւէ նշան չի տեսնում։ Ըստ հաղորդագրությունների, Իրաքի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզն ամերիկացի հետաքննիչներին տեղեկացրել է, որ ինքը Սադամին տեսել է նրան սպանելու նպատակով դաշնադրային ռազմաօդային ուժերի կողմից կատարված երկու հարձակումներից հետո։ Գեներալ Ֆրանքսը երեկ լրագրողներին ասել է, որ Թարիք Ազիզն իրենց հետ համագործակցել է եւ բարեհաճ զրուցասեր է։ Սակայն նա ավելացրել է, թե պարոն Ազիզի բոլոր ասածները պետք է ստուգվեն։