Իրանը նավթային արեւմտյան ընկերություններին տալիս է երկու շաբաթ ժամանակ

<!-- IMAGE -->

Իրանի նավթարդյունաբերության նախարարությունը նավթարդյունաբերության եւրոպական հսկաներ ՝՝Շել՛՛ եւ ՝՝Ռեփսոլ՛՛ ընկերություններին տվել է երկու շաբաթ ժամանակ, որոշելու համար, թե արդյոք ցանկանում են ներդրումներ կատարել Իրանի բնական գազի արդյունահանման ծրագրերում, թե ոչ։


Ինչպես Իրանի գազի արտահանումների ազգային ընկերության ղեկավար Ռեզա Քազեյզադեն է ասել, այս ընկերությունները պետք է Հարավային Փարսի հանքերից գազի արտահանումներին մասնակցելու շուրջ կայացնեն որոշում, ՝՝հակառակ դեպքում նրանց կփոխարինեն իրանական ընկերությունները՛՛։

Այս հայտարարությունից երկու օր առաջ Իրանի նավթարդյունաբերության նախարար Մասուդ Միր-Քազեմին էր սպառնացել Հարավային Փարսի հանքահորերը մշակելու գործում դանդաղկոտություն ցուցաբերելու պատճառով զրկել օտարերկրյա ընկերություններին։

Ինչպես վերլուծաբաններն են ասում, արեւմտյան ընկերություններն Իրանում նոր նախագծերի մասնակցելու հարցում ցուցաբերում են զգուշություն, քանի որ Իրանի միջուկային ծրագրերի պատճառով այս երկրի դեմ կարող են սկսվել միջազգային նոր պատժամիջոցներ։