Հունաստանում համընդհանուր դժգոհությունը հանգեցնում է ոստիկանության հետ բախումների

<!-- IMAGE -->

Հունաստանում հակակառավարական ցույցերը, գործադուլներն ու ապստամբությունն արդեն տալիս են զոհեր։ Ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված Հունաստանի կառավարությունը, մինչեւ ճգնաժամը հաղթահարելու նպատակով Եւրոպական Միությունից հատուկ վարկեր ստանալը, ուղիներ է որոնում պակասորդը լրացնելու համար ու այդ նպատակով հայտարարում պետական աշխատավորների աշխատավարձն ու թոշակները կրճատելու, ինչպես նաեւ կոմունալ ու այլ վճարումները բարձրացնելու մասին։


Դա հանգեցնում է երկրի մայրաքաղաք Աթենքում չորեքշաբթի օրը նոր բախումների, երբ խռովարարները փորձում են գրոհել խորհրդարանի շենքը, մոլոտովյան ռումբեր նետում ոստիկանության վրա ու այրում շենքեր։ Գրոհի ենթարկված բանկերից մեկում էլ զոհվում է երեք մարդ, կամ ծխից խեղդվելով, կամ այրվելով։


Մինչեւ այս խռովությունը, արդեն երկրում սկսվել էր 24-ժամյա համընդհանուր գործադուլ, ինչի արդյունքում դադարել են Հունաստանից թռչող եւ այս երկիր ժամանող բոլոր օդանավերի թռիչքները, փակվել նավահանգիսներն ու ուսումնական հաստատությունները։ Հիվանդանոցներում աշխատում են միայն շտապ օգնության բաժինները։
Զբոսաշրջիկների առջեւ փակ են Ակրոպոլիսն ու պատմական մյուս հուշարձանները։ Չեն աշխատում նույնիսկ հեռուստացույցն ու ռադիոն։ Մամուլի որոշ գործակալություններ պարզապես հողորդում են բանկում զոհված անձանց մասին։


Հունաստանի կառավարությունն ունի մինչեւ մայիսի 19 ժամանակ, մուծելու իր պարտքերը, ինչը կառավարության կարծիքով անհնար է, առանց Միության մյուս երկրների կողմից վարկեր ստանալու։
Հունաստանի արհմիություններն ընդունում են, որ կանխիկ դրամի պակասորդի մեջ հայտնված կառավարությունը ստիպված է եղել 4Օ միլիարդ դոլար խնայելու համար գնալ կրճատումների, սակայն դրանից, ասում են նրանք, նախ տուժելու են ցածր եկամուտ ունեցողները։


Չնայած ապստամբություններին, կառավարության ներկայացրած կրճատումների մասին փաթեթը երկրի խորհրդարանում քվեարկության է դրվելու հինգշաբթի օրը եւ հավանական է, որ անցնի, քանի որ վարչապետ Պապանդրեուի սոցիալիստական կուսակցությունն ունի նկատելի մեծամասնություն։ Այդ դեպքում ապստամբությունը հավանաբար նոր թափ առնի ու սպառնա արագ դեպի այլ երկրներ տարածվելու վտանգով։


Իսկ ֆինանասկան շուկայում ամեն մի գործոն ազդում է ամբողջ աշխարհի վրա։
Օրինակ ԱՄՆ-ի դրամական շուկաներում այս օրերին գրանցվում է, չնայած ժամանակավոր, սակայն՝ նկատելի անկում։