Աշխատանքներ նավթի արտահոսքի կասեցման ուղղությամբ

<!-- IMAGE -->

Միացյալ Նահանգների ափամերձ շրջանների պահակազորը եւ Բրիթիշ Փետրոլիում նավթարդյունաբերական ընկերությունը համագործակցում են կասեցնելու Մեքսկայի ծովածոցում վնասված ստորգետնյա նավթահորի արտահոսքը, որը մի քանի օրից կհասնի ԱՄՆ-ի ափերը։

Բրիթիշ Փետրոլիումի գործադիր տնօրեն Թոնի Հեյվարդն ասում է, թե այդ ընկերությունը ամեն կերպ փորձում է կասեցնել նավթի արտահոսքը, բնական մեծ աղետից խուսափելու համար։

Նավթահորում պայթյուն էր տեղի ունեցել ապրիլի 20-ին, ինչի հետեւանքով նավթահորի աշխատողները փախուստի էին դիմել։ Սակայն 11 անձինք դեռեւս կորած են եւ վախ կա, որ զոհված են։

Աղետից ի վեր Լուիզիանա նահանգի ափից 67 կիլոմետր հեռավորության վրա ընկած նավթահորից օրական 160,000 լիտր չզտված նավթ է արտահոսում։ Առ այսօր նավթի արտահոսքը զբաղեցնում է 80 կիլոմետր երկարությամբ եւ 60 կիլոմետր լայնությամբ ջրային տարածք։ Ակնկալվում է, որ երեք օրից արտահոսած նավթը կհասնի ցամաքային շրջաններ, ուր այն կվնասի չորս նահանգների՝ Տեխասի, Միսսիսիպիի, Ֆլորիդայի եւ Լուիզիանայի բնական միջավայրին։