Հայաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը եկող շաբաթ կհանդիպեն Վաշինգտոնում՝ փորձելով վերակենդանացնել հայ-թուրքական վերահաշտեցման գործընթացը։
Հայաստանը հինգշաբթի հայտարարել է, թե նախագահ Սերժ Սարգսյանը միջուկային գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքիայի բանագնաց Ֆերիդուն Սինիրլիողլուն այդ հանդիպման առաջարկը ներկայացրել է չորեքշաբթի օրը, Երեւան կատարած այցելության ժամանակ։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն հայտարարել է, թե Անկարան հուսով է, որ վերահաշտեցման գործընթացը առաջիկա շաբաթներին կընթանա ճիշտ ուղղությամբ։
Անցյալ հոկտեմբերին Թուրքիայի եւ Հայաստանի կառավարությունները ստորագրեցին արձանագրություններ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման վերաբերյալ։ Սակայն, երկու երկրների խորհրդարանների կողմից արձանագրությունների հաստատման գործընթացը ձգձգվում է։