ԱՄՆ-ի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ձայների նվազագույն առավելությամբ՝ 23ը 22ի հարաբերությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւը։

Կոնգրեսի հանձնաժողովի քննարկումների ժամանակ ներկա էին Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների պատգամավորներ,

ԱՄՆում երկու երկրների դեսպաններն ու դեսպանությունների ներկայացուցիչներ, երկու համայնքների անդամներ, Ցեղասպանությունը վերապրած 94, 97 եւ 1Օ5 տարեկան երեք հայեր։

Ի դեպ, այն պահից հետո, երբ ՝՝այո՛՛ էր քվեարկել 19 կոնգրեսական, ոչ՝ ՝՝22՝՝, անցավ եւս մեկ ժամ, որպեսզի մնացյալ 4 կոնգրեսականները ներկայանային մեկ այլ հանձնաժողովում անցկացվող քվեարկությունից հետո։ Նրանց ձայնն էլ դարձավ վճռական՝ այս քվեարկության համար։

Մինչեւ քվեարկությունն անցկացված քննարկումների ժամանակ հանդես եկած կոնգրեսականներին կարելի է բաժանել երկու խմբի, նրանք, ովքեր ասում են, որ հարկավոր է ընդունել ճշմարտությունը ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ նրանք, ովքեր ասում են, թե այո, եղել է ցեղասպանություն, սակայն նման բանաձեւ ընդունելու ճիշտ ժամանակը չէ ու ոչ էլ այն բխում է ԱՄՆ-ի ռազմավարական շահերից։

Բացելով քննարկումները՝ հանձնաժողովի նախագահ Հաուըրդ Բերմանը, որը հայկական հարցերի երկար տարիների աջակից է, կարեւորելով հանդերձ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները, հայտարարեց, թե ամեն մի ժողովուրդ, այդ թվում Թուրքիան, ինչ որ ժամանակ պիտի ընդունի իր պատմական անցյալը ՝՝եւ այս առումով ԱՄՆ-ը ունի իր պարտավորությունները՛՛։

Մի շարք կոնգրեսականներ հիշեցրին ԱՖղանստանում ու Իրաքում ամերիկյան զորեքի գործողություններն ապահովելու գործում Թուրքիայի հետ լավ հարաբերությունների կարեւորությունը, ու կոչ արեցին դեմ քվեարկել բանաձեին։

Կոնգրեսական Աքերմանն ասաց, թե Թուրքիան կարեւոր դաշնակից է, Բարթընը եզրակացրեց, թե նման բանաձեւի ընդունումը կվնասի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններ սկսելու շուրջ անցկացվող բանակցային գործընթացին։ Կոնգրեսական Մաքքոլի խոսքերով, ինքը ժամանակին եղել է այս բանաձեւի ընդունման կողմնակից, սակայն այսօր չի ցանկանում, կողմ քվերկելով, վնասել արձանագրությունների վավերացման գործընթացը ու ոչ էլ վտանգել ամերիկյան զինվորականների կյանքն Աֆղանստաում եւ Իրաքում։
՝՝Սա ճիշտ ժամանակը չէ՛՛, ասաց նա։

՝Արդեն 27 տարի է Կոնգրեսի անդամ եմ ու այդքան ժամանակ չի ասվել, որ նման բանաձեւ ընդունելու ժամանակն է՛՛, միջամտելով, ասաց հանձնաժողովի նախագահ Բերմանը։ ՝՝Իսկ ո՞րն է դրա ժամանակը՛՛, հրապարակային հարց ուղղեց նա։

Կոնգրեսական Քոստան շեշտեց, որ միայն ԱՄՆ-ի արխիվներում կան Հայոց ցեղասպանությունն ապացուցող հազարավոր փաստաթղթեր եւ ԱՄՆ-ը չունի Հայոց ցեղասպանության շուրջ ժխտողական քաղաքականությունը շարունակելու իրավունք։

՝՝Խաբեությունը չի կարող տանել դեպի հաշտեցում՛՛։ Այսպես հայտարարեց կոնգրեսական Շերմանը։ ՝՝Ինչ վերաբերում է արձանագրությունների գործընթացին, ապա ԼՂ հարցը հայ թուրքական հարաբերություններին կապելով, Թուրքիան արդեն իսկ սպանել է արձանագրությունները՛՛, ասաց նա։

՝՝Թուրքիան այսօր գերազանց հարաբերություններ ունի այն երկրների հետ, որոնք պաշտոնապես ճանաչել են Ցեղասպանությունը ու նման հարաբերություններ կունենա նաեւ ԱՄՆ-ի հետ, եթե վերջինս միանա եւորոպական ու լատինամերիկյան այն երկրներին, ՆԱՏՕ-ի անդամ 11 այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՛՛, ասաց նա։

Ընդմիջման ընթացքում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Ներչանն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց, որ Թուրքիայի խորհրդարանում հայ թուրքական արձանագրությունների վավերացումը կախված է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման հստակեցումից։ ՝՝Մենք հայերի հետ ենք երկար ժամանակ, ունենք հայ բարեկամներ, ու եթե առաջ գա ասածս դրական մոտեցումը, ինչու չէ, արձանագրությունները կվավերացվեն՛՛։


Քվեարկությունից հետո ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին նա ասաց, թե այս որոշումը ոչ մի կերպ չի կարող դատողություններ անել երկրների պատմության մասին։ ՝՝Այստեղ մենք ականատես եղանք իրական մի կատակերգության։ Եւ այս որոշումը կայացնողները մի օր արժանանալու են ժողովրդավարությանը հավատացող մարդկանց դատին։
Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագային, ապա այս պահից Թուրքիայի կառավարությունն ու խորհրդարանը կսկսեն քննարկել ու դրա հետեւանքները կերեւան շատ շուտով։ Արձանագրությունների գործընթացն էլ անպայման իր վրա կկրի այս որոշման ազդեցությունը՛՛ ասաց նա։

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը, մինչեւ քվեարկությունը խոստացավ պատասխանել ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հարցերին, սակայն Թուրքիայի համար ոչ բարենպաստ որոշումից հետո, նա խնդրեց հարցազրույցից հրաժարվելու համար իրեն պարզապես ներել։

Քվեարկությունից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց նրան՝ ՝՝խորհրդակցությունների համար՛՛։


Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հաստատված թիվ 252 բանաձեւը շուտով կներկայացվի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին։