Հիլարի Քլինթընը ժամանել է երկրաշարժից տուժած Չիլի

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը ժամանել է երկրաշարժից տուժած Չիլի։ Նա այստեղ խորհրդակցություններ է անցկացնելու առաջին օգնության սարքավորումներ առաքելու շուրջ եւ հանդիպումներ ունենալու երկրի ներկա նախագահ Միշել Բաչելեյի ու նախագահի պաշտոնում ընտրված Սեբաստիան Պիներայի հետ։


Քլինթընը երկուշաբթի օրը բանակցություններ էր անցկացրել Արգենտինային նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրչների հետ, որը խնդրել էր ԱՄՆ-ի արտգործնախարարին միջնորդել Մեծ Բրիտանիայի հետ Ֆոլկլենդյան կղզիների շուրջ առկա տարաձայնությունները հարթելու գործում։
Քլինթընը պատրաստվում է երկու երկրների ղեկավարներին դիմել հարցը դիվանագիտական եղանակով լուծելու կոչ, սակայն չի ակնկալվում ԱՄՆ-ի ավելի մեծ մասնակցություն այս գործընթացին։

Մինչեւ Արգենտինա ժամանելը, Քլինթընն այց էր կատարել Ուրուգվայ։ Չորեքշաբթի օրը կլինի Բրազիլիայում, որտեղ այս երկրի նախագահ Լուիզ Ինացիո Լուլա դը Սիլվային կհորդորի միանալ Իրանի դեմ ՄԱԿի-ի նոր պատժամիջոցներին։

Մինչեւ ԱՄՆ վերադառնալը, Քլինթընը այցելություններ կիրականացնի նաեւ Կոստա Ռիկա ու Գվատամելա։