Հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ վաշինգտոնյան քննարկումներում

Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ՝՝Հարավային Կովկասի սխալները՛՛ խորագրով քննարկումների հիմնական թեման, գուցե ակամա, դարձան Լեռնային Ղարաբաղն ու հայ-թուրքական հաշտեցման գործընթացը։
Այս տարածաշրջանում այսօր առկա խնդիրները լուծել չկարողանալու հանգամանքը վրաց վերլուծաբան Մամուկա Ծերեթելին, ի տարբերություն 199Օ-ականների, պայմանավորում է ԱՄՆ-ի դերակատարության նվազման հանգամանքով։


Կարնեգիի հաստատության ավագ գիտաշխատող Թոմ դը Վաալը գտնում է, որ եթե ժամանակին, դեռեւս 93-94 թվականներից արվեին Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրները լուծելու փորձեր, չէր լինի 2ՕՕ8-ի ռուս-վրացական պատերազմը։ Նա բերում է ժամանակին Արեւմուտքի կողմից Բոսնիայում 4Օ հազար թվակազմով զորքեր տեղակայելու եւ Աբխազիայում միայն անզեն 1ՕՕ դիտորդ ուղարկելու պատրաստակամությունը։

՝՝Որեմն, ասել, թե Արեւմուտքն ունի հետաքրքրություններ այս տարածաշրջանում, չի կարելի։ Մենք հետաքրքրություն չունենք՛՛, ասում է նա։
Նրա կարծիքով, ի հակադրություն 9Օ-ականների, երբ Ռուսաստանը ստանձնել էր Լեռանային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու գործում գլխավոր դերը, այսօր ունի այլ հետաքրքրություններ։
Նրա խոսքերով, ՝՝Եթե Ռուսաստանը կարողանա դառնալ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ տնտեսական հարաբերություններ հաստատելու գործում կարեւոր հանգույց, ղարաբաղյան խնդիրը Մոսկվան կտանի լուծման ճանապարհով՛՛։

Իսկ Բաքվի Արտաքին հարաբերությունների ծառայության ծրագրի տնօրեն Ֆարիզ Իսմայիլզադեի խոսքերով, իրենց հուսախաբ են արել Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նրա պաշտոնակից Պուտինի այն խոսքերը, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացն իրարից անկախ հարցեր են։
՝՝Ռուսաստանն՛՛, ասում է նա, ՝՝հայ-թուրքական հաշտեցման միջոցով փորձում է մասնատել թուրք-ադրբեջանական գործընկերությունը՝ դրանով իսկ ձեռք գցել ադրբեջանական նավթը։ Իսմայիլզադեի խոսքերով, ՝՝Այս պահին եւս Ռուսաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում հարատեւ խաղաղությամբ՛՛։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի որդեգրած դիրքին, ըստ ադրբեջանցի վերլուծաբանի, Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը ցույց է տալիս, որ Երեւանը չի ուզում գլալ հաշտեցման ուղով։

ԱՄՆ-ի Պատերազմական հարցերով քոլեջի փորձագետ, պրոֆեսոր Ստիվըն Բլենքի կարծիքով, գլխավոր խոչընդոտը հայ-ադրբեջանական խնդրում այն է, որ կողմերից ոչ մեկի ղեկավարությունը չի ցանկանում իր հասարակությանը ներկայացնել այն զիջումները, որոնցով ուզում է գնալ խաղաղության։
՝՝Դա տանում է դեպի փակուղի։ Չափազանց կարեւոր է հակառակ կողմին զիջումներ անելու հանգամանքը։ Վրաստանը Հարավային Օսիայից ու Աբխազիայից փաստորեն զրկվեց դեռեւս սկսած 1993 թվականից, երբ որեւէ անգամ չներկայացրեց որեւէ լուրջ առաջարկ այս երկու ժողովուրդներին՛՛, ասում է Ստիվըն Բլենքը՝ այն կարծիքը հայտնելով, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացին պիտի մասնակցի նաեւ Ադրբեջանը։
Թուրք-ադրբեջանական հարաբերություններում խնդիրները կարող են ուղի հարթել, որ Ռուսաստանն Ադրբեջանից բնական գազ ստանա, ինչը, ասում է նա կհամարվի Նաբուկոյի վախճանը։
՝՝Իսկ Թուրքիան՛՛, նրա կարծիքով, ՝՝պիտի հաշվի նստի պատմության հետ ու արտասանի ՝՝ցեղասպանություն՛՛ բառը՝ օրինակ վերցնելով Գերմանիայից՛՛։

՝՝Ադրբեջանը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը պահել որպես ղարաբաղյան խնդրում պատանդ՛՛, վերլուծաբանների ելույթներից հետո խոսք խնդրելով, հայտարարեց ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Վարուժան Ներսիսյանը։ Ու եթե պարտադրվի ղարաբաղյան խնդիրը կապել հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետ, նման գործընթաց նորից սկսելու համար շատ երկար ժամանակ կպահանջվի։
Նրա խոսքերով, սխալ է Ադրբեջանում տարածված այն կարծիքը, թե հայ-թուրքական սահմանը փակ պահելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի գնալ զիջումների։
՝՝Խնդրի լուծումը խոչընդոտում է ադրբեջանական կողմը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն անտեսելով։ Եթե Ադրբեջանը շարունակի այս ուղով, կտապալվեն թե՛ ղարաբաղյան խնդիրը լուծելու, թե՛ հայ-թուրքական հաշտեցումը շարունակելու գործընթացները՛՛, ասաց Վարուժան Ներսիսյանը։

ՀՀ դեսպանության ներկայացուցչի տեսակետին փորձեց հակադարձել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը, ով իր երկիրը փորձեց ներկայացնել որպես տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին ընդհանուր հետաքրքրությունների մեջ ներքաշելու գործում կառուցողական դերակատար։
՝՝Սակայն ընդունում եմ՛՛, ասաց նա, ՝՝որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը թունավորել է մթնոլորտը՛՛։

Վաշինգտոնում Թուրքիայի գլավոր հյուպատոսը շեշտեց, որ այս օրերին լրանում է Խոջալուի ՝՝ջարդերի՛՛ տարելիցը, ինչին Վարուժան Ներսիսյանը տվեց հետեւյալ պատասխանը. ՝՝Այս օրերին, ի դեպ, լրանում է նաեւ հայկական ջարդերի տարելիցը Սումգայիթում, որոնց հաջորդել էին Բաքվի ու Կիրովաբադի ջարդերն ու Շահումյանի էթնիկ զտումները։ Այնպես որ, այս պահին չարժե խոսել այդ դեպքերի մասին՛՛։

՝՝Սահմանադրական դատարանի որոշումը չի կարող լինել այս գործընթացը վտանգի տակ դնելու ու արձանագրությունները չվավերացնելու համար արդարացում՛՛, ավելացրեց Վարուժան Ներսիսյանը, շեշտելով, թե դատարանի որոշումն իրականում կանաչ լույս է վառում արձանագրությունները վավերացնելու ճանապարհին։
Բացի այդ, շեշտեց նա, Սահմանադրական դատարանի որոշումը ներքին, այլ ոչ միջազգային փաստաթուղթ է։ ՝՝Միջազգային փաստաթուղթը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններն են՛՛։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի այն հարցմանը, թե չի թվում, որ այս քննարկումները միակողմանի էին, հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի, փաստորեն հայկական կողմին ներկայացնող վերլուծաբան Թոմ դը Վաալն ասաց, թե ցավում է, որ եղանակային պատճառներով հանդիպմանը չներկայացավ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի նախկին նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի փլուզման հնարավորությանը, այն մեծ է, ասում է վերլուծաբանը ու ավելացնում, որ Ադրբեջանն ունի այդ նպատակին հասնելու հնարավորություններ, ինչի իրականացման դեպքում, առաջ կգա վատ իրադրություն տարածաշրջանում։