Պակիստանում ահաբեկչության կասկածանքով ձերբակալված 5 անձինք հայտարարել են, թե իրենք անմեղ են և որ ձերբակալությունից հետո խոշտանգումների են ենթարկվել ամերիկյան հետաքննիչների և պակիստանյան ոստիկանական ուժերի կողմից:
Փետրվարի 2-ին Պակիստանի արևելյան Սարգոդա քաղաքի դատարան բերված կասկածյալներից մեկը թղթի փոքրիկ պատառիկ է նետել լրագրողների ուղղությամբ, որտեղ մասնավորապես գրված է եղել, թե իրենց խոշտանգել են ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի աշխատակիցները:
Գրության համաձայն, ձերբակալվածներին իրենց ընտանիքների անդամների և լրագրողների հետ հանդիպելու հնարավորություն չի ընձեռնվում:
Պակիստանում ԱՄՆ-ի դեսպանատան խոսնակ Ռիչարդ Սնելսիրն այս մեղադրանքները որակել է որպես “բացարձակ անհիմն”: Մեղադրանքները հերքվել են նաև Պակիստանի ոստիկանության կողմից:
Ի դեպ, կասկածյալները, ովքեր Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի մահմեդական բնակիչներ են, ձերբակալվել են Պակիստանի Փանջաբ նահանգում:
Ոստիկանությունը մեղադրում է նրանց Պակիստանում ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ: