Օբամայի առաջին ամենամյա ուղերձը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոնգրեսականներին է առաջարկելու սառեցնել առաջիկա 3 տարիների ընթացքում երկրի ներսում նախատեսվող ծրագրերի ծախսային հատվածը: Այս կերպ նա փորձում է լուծել բյուջեի պակասորդի խնդիրը:

Վարչակազմի պաշտոնյաների պնդումների համաձայն, Օբաման այս մասին կհայտարարի հունվարի 27-ին տեղի ունենալիք իր առաջին նախագահական ամենամյա ուղերձի ընթացքում, իսկ փետրվարի 1-ին այս առաջարկը կարտացոլվի երկրի պետական բյուջեում:

Ծրագիրն առաջիկա 10 տարիների ընթացքում շուրջ 250 միլիարդ դոլարի խնայողություն է նախատեսում: Ֆինանսական կրճատումները չեն վերաբերի պաշտպանության, անվտանգության և արտաքին աջակցության ոլորտներին:

Ի դեպ, ԱՄՆ-ի Կոնգրեսի անկախ բյուջետային հանձնաժողովի կանխատեսումների համաձայն, 2009-ի 1.4 տրիլիոն դոլարի պակասորդի համեմատությամբ 2010-ին այդ ցուցանիշը 1.3 տրիլիոն է լինելու: