Վրաստանում ավելի քան 10 հոգի անազատության են դատապարտվել, 2009 թվականի ընթացքում երկրում ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեղադրանքով:
Անցյալ տարվա մայիսին Թբիլիսիից ոչ հեռու գտնվող տանկային գումարտակում տեղի ունեցած խռովությունը, որը տևել էր ընդամենը մի քանի ժամ, կանխվել էր առանց զինված բախումների:
Բանակի պաշտոնաթող գնդապետ Կոբա Օթանաձեն դատարանի վճռով դատապարտվել է 30 տարվա ազատազրկման: Վրացական բանակի մեկ այլ բարձրաստիճան սպա` Լևան Ամիրիձեն միևնույն մեղադրանքով 28 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Գործով մեղադրվող մի քանի այլ սպաներ անազատության են դատապարտվել ավելի կարճ ժամկետներով:
Մեղադրող կողմի խոսքերով, ապստամբները 2009-ի մայիսին հրաժարվել են հրամաններ կատարելուց և փորձել են գրավել Թբիլիսիին հարակից ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները: