Իրանը որոշել է նոր ատոմակայաններ կառուցել

Իրանի բարձրաստիճան պաշտոնյա Ալի Ակբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը որոշել է կառուցել ուրանի հարստացման 10 նոր համալիրներ, ի պատասխան ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի գործակալության Իրանի դեմ ուղղված քննադատության։

Նա ասել է, թե Թեհրանը պետք է խստորեն պատասխանի ՄԱԿ-ի հիշյալ գործակալության այն հայտարարությանը, որը կոչ է անում Իրանին վերջ դնել ուրանի հարստացման բոլոր գործողություններին։ Սալեհին ասել է, թե ուրանի հարստացման նոր ատոմակայանները կկառուցվեն լեռնային վայրերում, դրանք հավանական հարձակումներից պաշտպանելու համար։ Նա ասել է նաեւ, որ այդ համալիրներում կօգտագործեն նոր, առավել արդյունավետ սենտրիֆյուգեր։

Ֆրանսիայի արտգործնախարար Բերնարդ Կուշները հայտարարել է, թե Իրանի այդ որոշումը, իր բառերով, ՛՛մանկամիտ է՝՝ եւ Իրանը շատ վտանգավոր դիրքորոշում է ընդունել։ Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբզի համաձայն, նոր ատոմակայանների կառուցումով Իրանը իր միջազգային պարտավորությունների շատ լուրջ խախտում թույլ տված կլինի։

Մեծ Բրիտանիան եւս Իրանի դորքորոշումը լուրջ մտահոգություն է բնութագրել։ Իսկ Գերմանիան Թեհրանին հորդորել է հարգել պարտավորությունները որպես միջազգային համայնքի անդամ։

Միաժամանակ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, թե իր երկիրը որեւէ օգուտ չի տեսնում միջուկային զենքերի չտարածման պայմանագրի անդամակցության մեջ