Պաղեստինյան իշխանության նախագահ Մահմուդ Աբասի խոսնակը հայտարարել է, թե Մերձավոր Արեւելքի խաղաղության բանակցությունները չեն կարող վերսկսվել, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել Արեւելյան Երուսաղեմում հրեաների վերաբնակեցման գործողությունները։ Նրա այս հայտարարությունը հետեւել է, Արեւմտյան Ափի գրավյալ տարածքում բնակարանների կառուցման արտոնագրերը 10 ամսով սառեցնելու Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահույի արաջարկին։
Իսրայելի կառավարությունը սառեցման որոշումը ՛՛աննախադեպ՝՝ բնութագրելով հայտարարել է, թե հաջորդ քայլը պետք է գա պաղեստինցիներից։ Իսրայելի կառավարության խոսնակ Մարկ Ռեգեվը պաղեստինցիներին հորդորել է շտապել։
Սակայն պաղեստինյան իշխանության ղեկավարներն ասել են , թե Իսրայելի առաջարկը նորություն չի պարունակում եւ որ վարչապետ Բենյամին Նետանյահուն պետք է հաստատի վերաբնակեցման գործողությունների սառեցման լիարժեք , այլ ոչ թե սահմանափակ որոշում։
՛՛Վարչապետ Նետանյահուն պետք է հայտարարի, թե պատրաստ է ստանձնելու եւ իրագործելու բանակցությունների հաջողության համար անհրաժեշտ բոլոր պարտավորությունները։ Այն է՝ բոլոր նոր բնակարանների կառուցման գործողությունների սառեցում, Իսրայելյան գրավման տակ գտնվող բոլոր տարածքներում, ներառյալ Արեւելյան Երուսաղեմում՝՝, ասել է Ֆաթահ խմբավորման ներկայացուցիչ Աբդուլա Աբդուլահը։
Պաղեստինցիները Արեւելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը։ Պաղեստինյան իշխանության նախագահ Մահմուդ Աբասի խոսնակը հայտարարել է, թե ՛՛երկու պետություն՝՝ լուծման որեւէ բանակցություն պետք է ներառնի նաեւ Երուսաղեմի հարցը։
՛՛Իրական խաղաղության գործընթացի ուղղությամբ շարժվելը անհնար է առանց Երուսաղեմի հարցի ընդգրկման։ Երուսաղեմը գրավյալ տարածքի մաս է կազմում 1967 թվականից ի վեր՝՝, ասել է պաղեստինյան իշխանության նախագահ Մահմուդ Աբասի խոսնակ Եասեր Աբեդ Ռաբոն։
Իսրայելը Արեւելյան Երուսաղեմը գրավել է 1967 թվականի պատերազմում եւ միջազգային համայնքի կողմից երբեք չճանաչված քայլով այն կցել է իր պետությանը։ Դեռեւս անցյալ շաբաթ, Իսրայելի իշխանություններն այնտեղ նոր բնակարաններ կայուցելու որոշում էին վավերացրել։
Պաշտոնական Վաշինգտոնը հրեաների վերաբնակեցման գործողությունների սառեցման Նետանյահույի քայլը դրական բնութագրելով հանդերձ, ընդունել է, որ այն թերի է։
՛՛Ինչպես մենք բազմաթիվ անգամ շեշտել ենք, առաջ ընթանալու համար կողմերը պետք է բանակցեն առանց նախապայմանների եւ համաձայնության հասնեն ՛՛երկու պետություն՝՝ լուծման շրջանակներում, այն է Իսրայելի պետության խաղաղ եւ ապահով գոյակցությունը, անկախ եւ կենսունակ պաղեստինյան պետության հետ՛՛, ասել է ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ջորջ Միչելը։
Վերջինս ամիսներից ի վեր փորձում է առաջընթաց արձանագրել իսրայելա-պաղեստինյան բանակցություններում եւ հետագա խորհրդակցությունների նպատակով ծրագրում է տարածաշրջան այցելել դեկտեմբերին։