Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ

Ըստ Իրանից ստացված հաղորդագրությունների, հուլիս ամսին այստեղ ձերբակալված ամերիկացի երեք քաղաքացիների դեմ հարուցվել է լրտեսության մեղադրանք։


Նրանք ձերբակալվել էին անօրինական կերպով Իրանի տարածք մուտք գործելու ժամանակ։ Ձերբակալվածները պնդում են, որ Իրանի սահմանում են հայտնվել Իրաքի տարածքում բնության գրկում արշավի ժամանակ մոլորվելու արդյունքում։

Երկուշաբթի օրը հանդես գալով Բեռլինում՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն Իրանի իշխանություններին մեկ անգամ եւս հղեց ԱՄՆ-ի երեք այս քաղաքացիներին ազատ արձակելու կոչ։

Կալանավորված անձանց հարազատները տեղեկացնում են, որ բանտում նրանց երկու անգամ այցելել են Շվեյցարիայի դիվանագետները։ Առաջին այցը տեղի է ունեցել սեպտեմբերին, երկրորդը՝ անցած հինգշաբթի օրը։
Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիան։