Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Նյու Ջերսիի նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալոնին և միևնույն նահանգից հանրապետական Ֆրենկ Լոբիոնդոյին են միացել մի քանի տասնյակ այլ կոնգրեսականներ, 2010 թվականին Հայաստանին հատկացվելիք 48 միլիոն դոլարի հասնող ֆինանսական աջակցությունն անփոփոխ թողնելու դիմումով:

Միևնույն ժամանակ, Կոնգրեսի և Ներկայացուցիչների Պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովին հասցեագրված նամակում կարևորվել է Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության համաչափությունն ապահովելու խնդիրը:

Հիշեցնենք, որ տարեսկզբին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների Պալատն արդեն իսկ հաստատել էր Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն հատկացնելու վերաբերյալ օրինագիծը: Միաժամանակ, Ադրբեջանին ԱՄՆ-ի համանման աջակցությունը կրճատվել է: Այս որոշումը պայմանավորված է այդ երկրի կողմից Հայաստանին շրջափակման մեջ պահելու իրողությամբ:

Նամակում նշվում է նաև այն հանգամանքը, որ 2008-ին տեղի ունեցած հնգօրյա վրաց-ռուսական պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կրել է մոտ 680 միլիոն դոլարի տնտեսական կորուստ: Կարևորվել է նաև պատերազմի ընթացքում երկրի կողմից արևմտյան և միջազգային առաքելությունների ներկայացուցիչներին ցուցաբերված դիվանագիտական և մարդասիրական աջակցությունը:

3.45 միլիոն դոլարի հասնող ռազմական օգնությունը հիմնավորվել է Հայաստանի կողմից Իրաք և Կոսովո ուղարկված ռազմական միավորների և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության հանգամանքներով: