Կրոնական ազատություններն աշխարհում

Միացյալ Նահանգների գործողությունները կարող են անհարգալից դիտարկվել որոշ կրոնական ավանդույթների տեսանկյաունից այդ թվում նաև իսլամի: Այս ձևակերպումը տեղ է գտել ԱՄՆ-ի արտգործնախարարության կրոնական ազատությունների վերաբերյալ տարեկան զեկույցում:

Ձևակերպումն ի հայտ է գալիս մի ժամանակաշրջանում, երբ Միացյալ Նահանգները փորձում է Իսլամական Կոնֆերանս կազմակերպության հետ համաձայնության գալ կրոնական հանդուրժողականության և անարգանքի խնդիրների վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և մարդու իրավունքների հանձնաժողովում բանաձև ընդունելու շուրջ:

Այս կապակցությամբ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթոնն իր ելույթում նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է հանդես գալ աշխարհում կրոնական հիմքով բռնությունների դեմ և ապա ավելացրել, որ սա չպետք է ստվեր գցի խոսքի ազատության հիմնարար սկզբունքի վրա:

ԱՄՆ-ի Կոնգրեսի աջակցությամբ հրապարակված զեկույցն անդրադարձել է աշխարհի 189 երկրների: Իրանը, որը նույնպես տեղ է գտել հրապարակման էջերում, արժանացել է «վտանգավոր մթնոլորտ» ունեցող երկիր բառակապակցությանը, մասնավորապես մահմեդական ոչ շիա կրոնական պատկանելիություն ունեցողների հանդեպ իրականացրած քաղաքականության արդյունքում:

Չինաստանը, որտեղ հաջորդ ամիս նախատեսվում է Բարաք Օբամայի պաշտոնական այցը զերծ չի մնացել քննադատություններից: Դրանք մասնավորպես վերաբերում են բուդդայական հոգևորականների և մահմեդական ույղուրների դեմ շարունակական հետապնդումներին:

Սաուդյան Արաբիան նույնպես քննադատության է ենթարկվել մահմեդականությունից զատ այլ դավանանք ունեցողների նկատմամբ իրականացվող ճնշումների արդյունքում: Նշվում է այն փաստը, որ երկրում շարունակում է գործել կրոնական ոստիկանությունը:

Միաժամանակ, դրվատանքի են արժանացել Հորդանանը, Ֆիլիպինները և մի շարք այլ երկրներ` միջկրոնական երկխոսությանն ուղղված քաղաքականություններ իրականացնելու համար:

Զեկույցի Հայաստանին վերաբերող մասում նշվում է, որ 2009-ի ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից կրոնական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել:

Այսուհանդերձ, զեկույցում արտացոլվել են սույն թվականի մարտի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցումն անցած օրենքի նախագծի վերաբերյալ անհանգստություններ, որով ըստ էության կանոնակարգվում է քրիստոնեական համարվող կրոնական կազմակերպությունների ձևակերպումը:

Ըստ զեկույցի այսպիսով սահմանափակվում են կրոնական կազմակերպությունների Հայաստանում օրենքով գրանցվելու հնարավորությունները