՝՝Մենք ի վիճակի ենք պաշտպանել մեր անկախությունը՛՛, ասում է Վաշինգտոնում ԼՂՀ ներկայացուցիչը

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները, ուրբաթ օրը հանդես եկան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հորդորով՝ կոչը հղելով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին։

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանն ասաց, թե ԼՂՀ-ի դիրքորոշումը մնում է այն, որ որոշակի արդյունքի հասնելու համար հարկավոր է, որ ԼՂ-ը լինի բանակցությունների անմիջական մասնակից։
Ինչպես նա ասաց. ՝՝Որքան շուտ վերականգնվի այդ գործընթացը, որը գործում էր մինչեւ 1998 թվականը, այնքան ավելի արդյունավետ կլինի գործընթացը՛՛։
Բանակցությունների մասնակից դառնալու համար տարվում են աշխատանքներ եւ ունենք հույս ասաց նա, որ Լեռնային Ղարաբաղը մոտ ժամանակներս նորից կընդգրկվի այս գործընթացում։


Ռոբերտ Ավետիսյանի խոսքերով. ՝՝Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի սահմանադրություն եւ մենք մեր կյանքում ամեն տեղ պաշտպանում ենք այն։ Պատմությունը ցույց է տվել, որ մենք ի վիճակի ենք պաշտպանել մեր անկախությունը եւ մեր ժողովրդի իրավունքները։
Ինչպես պաշտպանել ենք անցած 15 տարիներին, կպաշտպանենք նաեւ այժմ ու ապագայում՛՛, ասաց նա։