Եվրոպացիների մոտ դեռևս թարմ են նախորդ 2008-2009-ի ձմռան ընթացքում Ռուսաստանի և Ուկրայինայի միջև քաղաքական լարվածության արդյունքում բնական գազի մատակարարումից զրկվելու մասին հիշողությունները: Եվրամիության անդամ երկրներին ևս մեկ անգամ հիշեցվեց, որ բնական գազի պաշարների այլընտրանքային ճանապարհներ գտնելու խնդիրն օրհասական է:
Այս պահին քննարկման առարկա են հանդիսանում դեպի Եվրոպա գազի առաքման երկու հիմնական այլընտրանքային տարբերակներ` «Նաբուկո» և «Հարավային Հոսանք» անվանումները կրող գազատարերը: Այս երկու հսկա ծրագրերը մի քանի տարի է ինչ քննարկումների մակարդակի վրա են, սակայն ըստ որոշ փորձագետների մոտ ապագայում լուրջ տեղաշարժեր են սպասվում:
Ռուսաստանը, որ այս պահին Եվրոպա ներմուծվող բնական գազի շուրջ 37%-ի մատակարարն է, մինչև 2011 թվականը նախատեսում է իրականացնել Բալթիկ ծովի միջոցով Ուկրայինան շրջանցող «Հարավային Հոսանք» գազատարի կառուցումը: Այս կապակցությամբ հուլիսի 2-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Բաքու պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնագիր է ստորագրվել ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից, այդ երկրի գազային պաշարների գնման վերաբերյալ:
Միևնույն ժամանակ Ջյուզեպպե Վերդիի «Նաբուկո» օպերայի անվանումը ստացած գազատարի միջոցով, ենթադրվում է Կասպից ծովի ավազանի, մասնավորապես Միջին Ասիայի և Մերձավոր Արևելքի բնական գազի պաշարների առաքումը Եվրոպա: Սկիզբ առնելով Ադրբեջանից, 11 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ այս գազատարի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2014 թվականը: Շրջանցելով Ռուսաստանը` «Նաբուկոն» անցնելու է Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Ավստրիայի տարածքներով: Գերմանիան, որ դիտարկվում է որպես համաձայնագրի անդամ պետություն, չունի տարանցիկ նշանակություն:
Մինչ այս շրջանառվող լուրերը, թե հաջորդ շաբաթ Անկարայում նախատեսվում է փաստաթուղթ ստորագրել 5 պետությունների առաջին դեմքերի միջև հաստատվել են: Մասնավորապես Եվրամիության հանձնակատարի խոսնակ Ֆերրեն Թարադելաս Էսփունին առանց մանրամասնություններին անդրադառնալու հայտարարել է, որ հուլիսի 13-ին Թուրքիայի մայրաքաղաքում կնքվելիք համաձայնագրի մասին լուրերը համապատասխանում են իրականությանը:
Նա միայն նշել է, որ համաձայնագիրը կնքվելու է «Նաբուկոյի» անդամ երկրների ներկայացուցիչների միջև` հենվելով վստահության, հավասարության և փոխադարձ կախվածության սկզբունքների վրա:
Թուրքիան, որ բնական պաշարների պակաս ունի, մինչ այս հետաձգում էր համաձայնագրի ստորագրումը: «Նաբուկոյի» կառուցման պարագայում թուրքական կողմը պահանջում էր շուրջ 31 միլիարդ խորանարդ մետր բնական գազի ծավալ նախատեսող գազատարի մոտ 15%-ը, ներքին օգտագործման կամ վերավաճառելու նպատակով:
Միաժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի եվրասիական էներգետիկ հարցերով հատուկ հանձնակատարը հայտարարել է, որ Իրանը նույնպես հնարավորություն կունենա մասնակցել գազատարի կառուցման գործընթացին, սակայն միայն այն պարագայում, եթե մինչ այդ դրական տեղաշարժեր արձանագրվեն պաշտոնական Թեհարանի և Վաշինգտոնի հարաբերություններում: