Օբաման և Մերկելը դատապարտում են

Վաշինգտոնում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած առանձնազրույցից հետո, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մերկելի հետ համատեղ ասուլիս է հրավիրել: Երկու երկրների ղեկավարները մասնավորապես անդրադարձել են Իրանում տեղի ունեցող գործընթացներին:

Իր հրապարակային ելույթում Օբաման պատասխանել է նախորդ շաբաթ Իրանի նախագահի կողմից արված այն մեղադրանքին, թե ինքը խառնվում է այդ երկրի ներքին գործերին: ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը ոչ միայն ներեղություն խնդրելու խնդիր չունի, ինչը նախորդ շաբաթ պահանջել էր Ահմադինեջադը, այլև գտնում է, որ Իրանի նախագահն ինքը պիտի պատասխան տա երկրի ժողովրդի առջև:

Իր հերթին Գերմանիայի կանցլերը նշել է, որ աշխարհը տեսնում է այն ամենն ինչ տեղի է ույնենում և որ իրենք սա չեն մոռանա` մատնանշելով Իրանի իշխանությունների կողմից կիրառված բռնություններն ընտրություններից հետո:

Բարաք Օբաման անդրադարձել է նաև իր կողմից առաջ քաշված Իրանի հետ նոր դիվանագիտական մոտեցումներ որդեգրելու քաղաքականությանը: Նա ասել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին թե ինչ ազդեցություն կունենան վերջին զարգացումները Իրանի հետ անմիջական շփումների հավանականության վրա: Այնուամենայնիվ ըստ նրա խնդիրն առնվազն հարցականի տակ է:

Իրանի ղեկավարների վրա ճնշում բանեցնելով ինքն աջակցում է այդ երկրի ժողովրդի խիզախ գործողություններն ու արդարությունը վերականգնելու ջանքերը, հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Խոսելով նախագահի ընդդիմադիր թեկնածու Մուսավիի մասին, Օբաման ասել է, որ նա արտացոլում է Իրանի ժողովրդի հավաքական կամքն ազատ հասարակությունում ապրելու վերաբերյալ: