ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղերձը Իրանին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Իրանում մահմեդական նոր տարվա՝ Նովրուզի նախօրեին այս երկրի բնակչությանն ու ղեկավարությանը դիմեց իրան-ամերիկյան հարաբերություններում նոր սկիզբ ազդարարելու եւ նոր օր սկսելու կոչով։ Սպիտակ տան կողմից հրապարակված տեսաուղերձում Օբաման հայտարարում է, որ իր վարչակազմը հավատարիմ է մնալու առկա խնդիրները հարթելու գործում դիվանագիտական եղանակներին՝ միեւնույն ժամանակ շեշտելով, թե հարաբերություններ չեն կարող հաստատվել սպառնալիքների միջոցով։
՝՝Մեզ հարկավոր է ապագա՝ լի փոխըմբռնմամբ, նոր հնարավորություններով, համագործակցությամբ, առեւտրով, անվտանգությամբ եւ խաղաղությամբ՛՛, ասաց նա։


Նախընտրական իր արշավի ժամանակ Իրանի հետ հարաբերությունները բարելավելու խոստումներից հետո Օբամայի կողմից առաջին իրական քայլը մարտի 31-ին Աֆղանստանի հարցով վեհաժողովին մասնակցելու համար Իրանի ղեկավարությանը հրավիրելու փաստն է։ Երկրորդ քայլն այս ուղերձն էր, որը տրամագծորեն հակառակ պատկերն է Ջորջ Բուշի քաղաքականության, որը Իրանը համարում էր չարիքի առանցք։
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, որը ԱՄՆ-ին բազմիցս է մեղադրել, իր խոսքերով ասած, ՝՝իմպերիալիստական քաղաքականություն՛՛ վարելու եւ Իրանում անկայունություն սերմանելու փորձերի մեջ, հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է բանակցությունների, եթե դրանք հենված լինեն փոխադարձ հարգանքի վրա։


՝՝Մենք գիտենք, որ դուք մեծ քաղաքակրթություն եք եւ ձեր նվաճումները հարգանքի են արժանանում ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում՛՛, առանց տարբերություններն ու տարաձայնություններն առանձնացնելու, ասում է Օբաման իր հեռուստաուղերձում՝ ավելացնելով, որ դրանց հարթումը դժվար է, սակայն՝ ոչ անհնար։

Օբամայի ուղերձն արդեն ողջունել է Եւրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Խավիեր Սոլանան, որն ասել է, թե ուղերձը շատ կառուցողական է եւ ինքը հույս ունի, որ Իրանի ղեկավարությունը մեծ ուշադրություն կդարձնի ասվածին։
Մարդկանց գերակշիռ մասն էլ Իրանում լավատեսորեն է տրամադրված, ովքեր ասում են, որ եթե Ամերիկան հրաժարվի գաղութատիրական իր մտադրություններից, իրենք ուրախ կլինեն հարաբերությունները լավացնելու համար։

Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները սրվել են 1979 թվականից ի վեր, երբ մահմեդական հեղափոխության օրերին իրանցիները 444 օր պատանդ պահեցին ամերիկացի 52 դիվանագետի։ Երկու երկրների միջեւ գլխավոր խնդիրն այսօր Իրանում միջուկային ծրագրերն են, որոնց նպատակը, ԱՄՆ-ի կարծիքով, միջուկային զենքերի արտադրությունն է։

Ոմանք ասում են, որ հարաբերությունները բարելավելու համար նախ հարկավոր է, որ ԱՄՆ-ը հանի իր պատժամիջոցները, ընդունի նախորդ իր սխալները, ինչպես օրինակ 8Օ-88 թվականների իրան-իրաքյան պատերազմում Սադժամ Հուսեյնի վարչակարգը պաշտպանելու սխալը, կրի 1988 թվականին Հորմուզի նեղուցում ամերիկյան ծովուժի կողմից իրանական մարդատար օդանավի կործանման պատասխանատվությունը եւ դատապարտի 1953 թվականին Թեհրանում զինված հեղաշրջում իրականացնելու գործում իր մասնակցությունը։

Սակայն Իրանի կողմից նման պահանջներ դնելու հանգամանքը, շատ այլ վերլուծաբանների կարծիքով էլ կարող է ունենալ միայն ժամանակ շահելու նպատակ։ ՝՝Ներողություն՛՛, ասում են նրանք, ՝՝ԱՄՆ-ը չի խնդրի՛՛, եւ պնդում, որ Օբաման այժմ անում է իրենից կախյալ առավելագույնը։