Ցեղասպանությունները կանխելու խումբ կազմակերպությունը՝ ցեղասպանությունները կանխելու մասին

Դեկտմբերի 8-ին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադելայն Օլբրայթի ու պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Քոհենի նախագահությամբ Ցեղասպանությունները կանխելու խումբ կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որը կոչ է անում նախագահի պաշտոնում ընտրված Բարաք Օբամային ցեղասպանությունները եւ զանգվածային բռնությունները կանխելու գործը դարձնել երկրի արտաքին քաղաքականության առաջնային նպատակ։
Ինչպես Օլբրայթն է ասում. ՝՝Ցեղասպանություններն անընդունելի են մարդկության համար ու մենք կարող ենք ու պիտի ավելին անենք դրանք կանխելու նպատակով՛՛։

Նա հիշեցնում է, որ Օբաման շատ հստակ կերպով է նշել, որ անհանգստացած է Դարֆուրում, Կոնգոյում եւ այլուր տեղի ունեցող ցեղասպանություններով ու զանգվածային բռնություններով։

Օբաման մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, նախընտրակար արշավի ժամանակ մի քանի անգամ է ասել, որ ճանաչելու է այն պաշտոնապես։ Մեկ անգամ նման հայտարարությամբ հանդես է եկել պետքարտուղարի պաշտոնում նրա նշանակած Հիլարի Քլինթընը։

Զեկույցում ասված է, թե քանի որ ցեղասպանությունները նախապես ծրագրվում են, նախապես էլ ի հայտ են գալիս դրանց նախանշանները։
Այդ պատճառով հարկավոր է ստեղծել տվյալներ հավաքող նախազգուշական մի համակարգ, որը կվերլուծեր ցեղասպանության վտանգը, ասված է զեկույցում, ըստ որի, պետությունից այդ նպատակի համար կպահանջվի 25Օ միլիոն դոլար։

Օբամայի խոսնակներից մեկն ասել է, թե Օբամայի անցումային խումբը ուսումնասիրում է այս առաջարկը։


Ցեղասպանությունները կանխելու խումբ կազմակերպության նախագահության անդամ Քոհենն ասել է, թե ցեղասպանությունների կանխումը նաեւ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարց է։ Ի դեպ վերջինս Մադելայն Օլբրայթի հետ նախկին այն պաշտոնյաներից է, ովքեր նամակ էին հղել ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ կոչ անելով չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը։ Նույնիսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Օլբրայթը չէր դիմել Ռուանդայի ցեղասպանությունը կանխելու քայլերի։ Ավելին, 1994 թվականին նա ջանք չէր խնայել Ռուանդայում տեղի ունեցածը ԱՄՆ-ի կողմից ցեղասպանություն անվանելու փորձերը խափանելու համար։
Ավելի ուշ, ՝Ռուանդայի ուրվականները՛՛ փաստավավերագրական ֆիլմում նա ասում է. ՝՝Այժմ, երբ հետ եմ նայում, ամեն ինչ պարզ է, այն ժամանակ հասկանալի չէր, թե ինչ էր տեղի ունենում այնտեղ՛՛։

Միգուցե եկել է ավելի ջինջ աչքերով հետ նայելու ժամանակը։ Չէ որ հանցագործությունը ՝՝հանցագործություն՛՛ չանվանելը նույնպես հանցագործություն է... գոնե բարոյական իմաստով։