Նոյեմբերի 4-ին Միացյալ Նահանգների քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց փոփոխություններ խոստացող նախագահության թեկնածու՝ Բարակ Օբամայի եւ փոխնախագահության թեկնածու Ջո Բայդընի օգտին։ Ամերիկահայ կազմակերպությունները, հաշվի առնելով հայոց ցեղասպանության բանաձեւը հաստատելու Օբամայի խոստումը, միաձայնորեն ողջունեցին նրա ընտրությունը։ Սակայն ամերիկայի տարբեր անկյուններում ապրող ամերիկահայերը այս հարցում այնքան էլ միաձայն չեն, եւ ինչպես ընտրապայքարի շրջանում այնպես էլ այժմ, շարունակում են հարցականի տակ են դնել Օբամայի կարողությունները ցեղասպանության բանաձեւի հաստատման գործում։
THE WEEKLY STANDARD հեղինակավոր պարբերականի հայազգի խմբագիր Ֆիլիպ Թերզյանի կարծիքով Օբամայի ընտրությունը մի շարք պատճառներով կարող է չնպաստել հայերի շահերին.
՝՝Յուրաքանչյուր նախագահական թեկնածու խոստանում է պաշտպանել ցեղասպանության բանաձեւի հաստատումը կոնգրեսում։ Սակայն կկարողանա արդյոք Օբաման ընդդիմանալ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության, արտգործնախարարության, էլ չասած թուրքերի համառ ճնշումներին , առայժմ դեռ պարզ չէ՝՝։
Ֆիլիպ Թերզյանի կարծիքով Հայաստանի իրադարձություններին հետեւող հայերին թերեւս ավելի պետք է հետաքրքրի ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնք նրա կարծիքով վերջին տարիներին վատթարացել են.
՝՝Օբամայի ընտրություններից անմիջապես հետո Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը խիստ հայտարարություններ արեց ՆԱՏՈ-ի ընդարձակման եւ հրթիռների տեղակայման առնչությամբ։ Պատմական փաստերը ցույց են տվել, որ այն նախագահները, ովքեր ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, չարաշահվում են Ռուսաստանի կողմից՝՝։
Ամերիկահայերի մեծամասնությունը, ասաց պրն Թերզյանը, ցանկանում է, որ հայ թուրքական հարաբերությունները բարելավվեն եւ պաշտպանում է երկու երկրներերի միջեւ երկխոսության գաղափարը.
՛՛Նրանք գիտակցում են, որ Հայաստանի ապագան կապված է Թուրքիային։ Ցեղասպանության հարցը խոչընդոտ է երկու երկրների համար։ Հայտնի չէ, թե Թուրքիան ե՞րբ տրամաբանական դիրքորոշում կընդունի այդ հարցում՝՝։
Անդրադառնալով ամերիկյան զինյալ ուժերը Իրաքից դուրս բերելու ժամանակացույցին, պրն. Թերզյանը կասկած հայտնեց, որ Օբաման ինքնակամ որոշում կներկայացնի.
՛՛Կարծում եմ, որ Օբամայի օրոք Ամերիկյան ներկայությունը Իրաքում կշարունակվի եւ Օբաման կհաշտվի այդ իրողության հետ։ Մյուս կողմից, Իրաքում անվտանգությունն այժմ բարելավված է եւ իրացքիներն այժմ առավել պատրաստ են իրենց ինքնապաշտպանությունը ստանձնելու։ Ենթադրում եմ, որ իրավիճակը իրաքում նույնը կլիներ, նույնիսկ եթե Մքքեյնը հաղթեր ընտրություններում՝՝։
Անդրադառնալով ամերիկյան ֆինանսական դժվարություններին Ֆիլիպ Թերզյանը նշեց, որ դրանք սովորական երեւույթ են ամերիկյան տնտեսության համար։ Պատմականօրեն, ասաց նա, ոչ մի ամերիկյան նախագահ դրանք կանխելու բացարձակ կարողությունը չի ունեցել.
՛՛Մեր քաղաքական հաստատությունների կարողությունը՝ տնտեսությունը վերահսկելու գործում սահմանափակ է։ Իմ կարծիքով, ֆինանսական ճգնաժամի մակարդակը ներկայացվում է չափազանցված ձեւով։ Տնտեսությունը վերիվարումներ է ունեցել պատմականորեն։ Մյուս կողմից եթե Օբամայի վարչակազմը բարձրացնի եկամտահարկերը, այս երկրում խիստ կտուժեն փոքր բիզնեսները, կբարձրանան շահատոկոսները, ինչը իր հերթին կհանգեցնի ավելի լուրջ տնտեսական դժվարությունների՝՝։
Դեռեւս շուտ է կանխագուշակելու համար, թե Սենատոր Օբամայի փորձառության պակասը արտաքին հարաբերություններում ինչ ազդեցություն կունենա ամերիկյան ապագա քաղաքականության վրա։ Սակայն Ֆիլիպ Թերզյանը այն կարծիքին է, թե Օբամայի օրոք ամերիկյան ներգրավվածությունն աշխարհում կնվազի, ինչը հավանաբար դուր չի գա եվրոպացիներին, ովքեր չնայած քննադատել են Բուշի վարչակազմը, այդուհանդերձ դրական են գնահատել նրա դերը աշխարհում անվտանգությունը վերահսկելու գործում։