Ամերիկան ցանկանում է մեղմել թալիբների նկատմամբ իր կարծր քաղաքականությունը

ԱՄՆ-ի պաշտոնում ընտրված Բարաք Օբամայի գլխավոր առաջադրանքներից մեկն է լինելու Աֆղանստանի պատերազմի խնդրի լուծումը։ Դրան հասնելու համար հունվար ամսից Սպիտակ տունը հավանաբար կընտրի Թալիբանի նկատմամբ ավելի մեղմ քաղաքականություն։ Սակայն թալիբանի հետ բանակցելու քաղաքականությունն արդեն նկատելի է Բուշի կառավարման վերջին օրերին։
Այդ քաղաքականությանը կողմնակից են Աֆղանստանում ծառայող ամերիկացի մեծաթիվ զինվորականներ, ովքեր ասում են, թե այստեղ անպայման հարկավոր է փոփոխություն ու հույս ունեն, որ ՝՝Սպիտակ տան թարմ ուժերը դա կարող են անել՛՛։

Գեներալ Դեյվիդ Փեթրիուսը, որը որպես ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, պատասխանատու է Աֆղանստանում իրականացվող գործողությունների համար, հասկացրել է, որ ինքը եւս կողմ է Թալիբանի հետ Աֆղանստանի կառավարության մասնակցությամբ հաշտեցման գործընթաց սկսելու տարբերակին։

ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը կարծում է, որ օրինակ, աֆղան ապստամբ ուժերի հրամանատարներից Գուլբուդդին Հեքմաթյարը եւ այլ հրամանատարներ դրամ ու քաղաքական դիրքեր ստանալու դեպքում կդադարեցնեն իրենց զինված պայքարը։ Մի մարտավարություն, որն իրեն ինչ որ կերպ արդարացրել է Իրաքում։


Սակայն Թալիբանը բազմիցս է կրկնել, որ երբեք չի բանակցի Աֆղանստանի կառավարության հետ, քանի դեռ երկրում են գտնվում օտար ուժեր։ Թալիբանի կարծր դիրքային մի շարք ղեկավարներ նախազգուշացնում են նաեւ, թե նման քաղաքականությամբ Վաշինգտոնը փորձում է մասնատել իրենց ուժերը եւ երդվում, որ երբեք չեն խզելու իրենց կապերը ալ Քայիդայի հետ։
Մեծաթիվ փորձագետներ են ասում, որ Թալիբանի հետ բանակցելու ԱՄՆ-ի առաջարկը, հակառակ թալիբների կողմից ցուցադրվող որոշ դժկամությանը, լավ ռազմավարություն է, քանի որ կարեւոր խնդիրներից մեկը ամենակարծրդիրքայիններին մեկուսացնելն է։

Փորձագետներից Ստիվ Քոլն ասում է, թե այս մոտեցումը կարեւոր է հատկապես հիմա, երբ Աֆղանստանը պատրաստվում է ընտրություններին, քանի որ ընտրություններին մասնակցելու-չմասնակցելու հարցում կարող են առաջ գալ տարաձայնություններ Թալիբանի ներսում եւ իրոք մասնատել նրանց։
Գեներալ Փետրիուսը, իրադրությունը տեղում ուսումնասիրելու նպատակով, անցնող շաբաթ գտնվում էր Պակիստանում ու Աֆղանստանում։ Վաշինգտոնը հույս ունի որ հրամանատարական անձնակազմի ղեկավարը կկարողանա անել այն, ինչ արեց Իրաքում, որտեղ հատկապես նրա ջանքերի արդյունքում կտրուկ անկում է ապրել բռնությունների թիվը։
Եւ այսպես Ամերիկան այստեղ ցանկանում է մեղմել իրեն չարդարացրած չափազանց կարծր քաղաքականությունը։