Լույս է տեսել Մարկ Գրիգորյանի ՛՛Նոր գործ օրինական ու անօրինական ներգաղթի դեմ՝՝ գիրքը

Ամեն տարի ԱՄՆ օրինական կարգով մշտական բնակության է գալիս ավելի քան մեկ միլիոն մարդ աշխարհի տարբեր ծայրերից, այն դեպքում, երբ 197Օ-ականներին նրանց թիվը կազմում էր միայն 13Օ հազար։

Դրան գումարած անօրինական ներգաղթյալների թիվը, որը 89 թվականի կես միլիոնի համեմատ այսօր կազմում է ավելի քան մեկ եւ կես միլիոն։ Ու եթե եկող տասնամյակներին այս տենդենցը շարունակվի նույն հունով, ԱՄՆ-ի բնակչության թիվը 6Օ տարվա ընթացքու կկրկնապատկվի՝ կազմելով 6ՕՕ միլիոն մարդ։

Սա խնդիր է, որի լուծումը կբխեր ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաեւ այն երկրների շահերից, որոնք աշխատուժ են կորցնում, ԱՄՆի հաշվին։

Այս խնդրի շուրջ այսօր զրուցում ենք ԱՄՆ-ի Ներգաղթի հարցերով ուսումնասիրությունների կենտրոնի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ, ով կարծում է, որ եթե զանգվածային ներգաղթի արդյունքում ժամանակին բարգավաճում էր ԱՄՆ-ը, այսօր ներգաղթը բացասաբար է ազդում երկրի ինքնության վրա, սպառնում ազգային անվտանգությանը։ Այսօր ներգաղթը գերծանրաբեռնել է ԱՄՆ-ը եւ հարկավոր է կանգնեցնել այն, մինչեւ դրա կործանարար ազդեցությանը հասնելը։

Գրիգորյանը հաճախ է հանդես գալիս կոնգրեսի առջեւ, հոդվածներ հրապարակում ամերիկյան ամենահեղինակավոր թերթերում, հանդես գալիս հեռուստատեսությամբ։ Մեծ հետաքրքրություն է առաջ բերել այս տարի նրա հրատարակած ՛՛Նոր գործ օրինական ու անօրինական ներգաղթի դեմ՛՛ վերնագրով գիրքը։

Նրա խոսքերով, այժմ անօրինական ներգաղթի մասին ԱՄՆ-ի կառավարության կողմից գործադրվող միջոցները բավարար չեն այդ հոսքը դադարեցնելու համար։

1986 թվականին եւս կայացվեց ԱՄՆ-ում արդեն իսկ գտնվող անօրինական փախստականներին օրինական կարգավիճակ տալու եւ հետագայում նման ներգաղթն արգելելու մասին որոշում, սակայն իրավապահ մարմինները շատ շուտ մոռացան սահմանները խստորեն հսկելու մասին իրենց խոստումները։

Ներգաղթի մեծ ծավալներով ԱՄՆ-ին ամենամոտը կանգնած են Կանադան ու Ավստրալիան, սակայն այստեղ կա մի շատ մեծ տարբերություն.

՛՛Կանադան ու Ավստրալիան հիմնականու ընդունում են աշխատանքային կարեւոր հմտություններ ունեցող անձանց, ԱՄՆ-ը ներգաղթը հիմնում է ընտանեկան ու բարեկամական կապերի վրա։ Այսինքն այստեղ են ներգաղթում մարդիկ իրենց հարազատների հրավերներով։ Արդյունքում՝ շատերը չունեն ԱՄՆ-ի համար անհրաժեշտ հմտություններ, ինչը նրանց դնում է պետական օգնությունից կախվածության մեջ՛՛։

Եւրոպական երկրները, ինչպես հիշեցնում է Մարկ Գրիգորյանը, ներգաղթած անձանց բնակության իրավունք են տալիս գրեթե միայն բացառապես քաղաքական հիմունքներով։ Այսինքն տալիս են միայն քաղաքական ապաստան։

՛՛Շատերն են ասում, թե պապս հարյուր տարի առաջ ԱՄՆ գալով՝ չի դիմել նպաստ ստանալու համար ու չի ստացել, հիմա էլ թող ներգաղթյալներին չտան նպաստ։ Սակայն պետք է ասեմ, որ հարյուր տարի առաջ չկային նման ծառայություններ։ Այն ժամանակ պետությունը տնօրինում էր ազգային եկամտի միայն հինգ տոկոսը, այսօր՝ 35։

Բացի այդ, մեր նման հասարակարգը, որը ընդունում է մարդկանց, չունի նրանց չօգնելու իրավունք՛՛։

Ի՞նչ դեր կարող է խաղալ անօրինական ներգաղթն արգելելու գործում ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջեւ ցանկապատը։

՛՛Դա հարցը լուծելու գործիք է, այլ ոչ թե՝ լուծում։ Նման միջոցներ են նաեւ ուղղաթիռները, հսկող տեսախցիկները։ Բայց նորից, դրանք միայն գործիք են, ոչ լուծում՛՛։

Ինչ վերաբերում է Հայաստանի արտագաղթի միջոցով ԱՄՆ-ի ներգաղթին, ապա Մարկ Գրիգորյանի խոսքերով, ԱՄՆ հեշտ ներգաղթը լավ չէ հայության ու Հայաստանի համար։

՛՛Սա նրանց երեխաներին զրկում է հայ մնալու հնարավորությունից։

Խորհրդային տարիներին, հրեաների նման, հայերին տրվել էր Խորհրդային Միությունից հեշտ արտագաղթելու հնարավորություն եւ արտասահմանի հայկական կազմակերպություններն ու լոբբին պայքարում էին դրա դեմ։

Այսօր Հայաստանի շահերից է բխում ներգաղթի մասին ԱՄՆ-ում խիստ օրենքներ ընդունելու ու դրանք ամբողջ ուժով կիրառելու հանգամանքը՝՝։

Ինչպես նեգաղթի մասին նոր գրքի հեղինակ Մարկ Գրիգորյանն է ասում, նույնիսկ երկու տարով ԱՄՆ-ում ուսանած երիտասարդները իրենց երկրներ վերադառնալով, չեն համակերպվում, եւ զգում են, թե որքան են իրենք ամերիկանացվել եւ որքան են տարբեր իրենց անցյալից։

Ահա դա էր, որ ժամանակին անվանում էին ՛՛սպիտակ ջարդ՛՛, ահա դա է, որի դեմ պայքարը մասնավորապես Հայաստանում պիտի ընթանա իշխանությունների կողմից ժողովրդի մեջ ապագայի նկատմամբ հավատ ներշնչող քաղաքականությամբ ու դրա համար պայմաններ ստեղծելով։