Նյու Յորք Թայմս օրաթերթն իր մարտի 7-ի համարում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին

Նյու Յորք Թայմս օրաթերթն իր մարտի 7-ի համարում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին, գրելով, թե Մոսկվայի լծից հետո հայերի երազած ժողովրդավարությունը հետ է սահում։

Խմբագրականի բնութագրմամբ, նախագահ Ջորջ Բուշը եւ արեւմտյան առաջնորդները պետք է հստակ կերպով հասկացնեն Հայաստանի իշխանություններին, որ ընդունելի չէ նման վարքագիծը, որը կարող է վտանգի տակ դնել այս երկրի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները։

՝՝Բելառուսի եւ Ուզբեկստանի նման հետխորհրդային մյուս բռնակալությունների համեմատ Հայաստանն այնքան էլ վատ տեսք չունի, այդ պատճառով շատ կարեւոր է փակել դեպի ինքնակալություն տանող ուղին, քանի դեռ շատ ուշ չէ՛՛։

Թերթը տեղեկացնում է, որ իր աշխատակից Սաբրինա Թավերնայսը տեղեկություններ է ստացել այն մասին, որ իշխանությունները անցյալ շաբաթ օրը հրազեններ եւ նռնակներ են տեղադրել քնած ցուցարարների մոտ, որից հետո՝ հայտարարել, թե ոստիկանությունը դիմել է հարձակման՝ հեղաշրջման փորձը կանխելու նպատակով։ Այնուհետեւ, ներկայացնելով իրադարձությունների հետագա զարգացումները, Նյու Յորք Թայմսը

հիշեցնում է, որ այլեւս անհնար է լսել հայերեն լեզվով հեռարձակվող ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հեռուստածրագրերը եւ ՝՝Ազատություն՛՛ ռադիոկայանի հաղորդումները։

Ինչպես թերթն է գրում. ՝՝Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի Հեռարձակումների տնօրենների խորհրդի բողոքն ավելի ազդեցիկ կշիռ կունենար, եթե իր ձայնը բարձրացներ նաեւ նախագահ Բուշը՛՛։

Թերթը միեւնույն ժամանակ չի գտնում, որ սա հակամարտություն է ջինջ ժողովրդավարական արժեքների եւ լիակատար ինքնակալական չարիքի միջեւ, հիշեցնելով, որ 9Օ-ականների կեսերին ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր զրահատեխնիկա հանում ընդդեմ ցուցարարների։

՝՝Սակայն՛՛, եզրափակում է Նյու Յորք Թայմս թերթի խմբագրականը, ՝՝այս պահին պատասխանատվությունը Հայաստանի ղեկավարներինն է, որոնց էլ իր խոսքը պիտի ուղղի Սպիտակ տունը։