Արտակարգ դրություն Հայաստանում

Ութ անձանց սպանությանն ու առնվազն 12 ուրիշների վիրավորվելուն հանգեցրած բողոքի ցույցերից հետո, զորքերն ու տանկերն այսօր հսկում են մայրաքաղաք Երեւանի փողոցները։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է 19-օրյա արտակարգ դրություն մտցնել, ոստիկանության եւ ընդդիմադիր շարժման աջակիցների միջեւ շաբաթ օրը տեղի ունեցած բախումներից հետո։

Ընդդիմադիրները պնդում են, թե նախագահական ընտրությունները խարդախված էին։ Ամբոխը ցրելու համար ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ եւ կրակել է օդի մեջ։ Արտակարգ դրություն հայտարարվելուց հետո, ականատեսների վկայությամբ, հազարավոր ցուցարարներ շարունակել են խաղաղ ցույցերը փողոցներում։ Կիրակի օրը քաղաքի կենտրոնում հանդարտություն է տիրել իսկ հեռուստատեսությունը ցուցադրել է այրված շենքերի եւ ավտոմեքենաների, ինչպես նաեւ դատարկ եւ աղբակույտերով լի փողոցների տեսարաններ։

Բռնությունները սկիզբ էին առել շաբաթ վաղ առավոտյան, երբ ոստիկանությունը փորձել էր ցուցարարներին դուրս մղել կենտրոնական հրապարակից, ուր նրանք ճամբարել էին փետրվարի 19-ից ի վեր, երբ պաշտոնապես հայտարարվել էր նախագահական ընտրություններում վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին։ Սակայն ընդդիմությունը պնդում է, թե քվեների մեծամասնությունը շահել է նախկին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը։

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը երկու կողմերին հորդորել է խուսափել բռնարարքներից եւ վերսկսել քաղաքական երկխոսության գործընթացը։ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը շաբաթ օրը քննադատել է կառավարությանը խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժ գործադրելու համար։

Նորընտիր նախագահ Սարգսյանը անցյալ ուրբաթ հայտարարել էր մեկ այլ ընդդիմադիր շարժման՝ ՛՛Օրինաց երկրի՛՛ ղեկավարի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու ծրագրերի մասին։